Ասում են՝ գեներալները միշտ նախապատրաստվում են նախորդ պատերազմին։ Սա աքսիոմ չէ իհարկե, բայց որոշակի օրինաչափություն կա այդ մտքում։ Լինում են գեներալներ, ովքեր բեկումնային նորարարություններ են անում ու հեղափոխում են ռազմական գործը․ Ալեքսանդր Մեծ, Հուլիոս Կեսար, Չինգիս Խան, Սուվորով, Նապոլեոն, Կլաուզեվից, Գուդերիան․․․ Բայց գեներալներն ու զորավարները, միևնույն է, իրենց մեծամասնության մեջ կառչում են արդեն ավարտված պատերազմի փորձից ու դրա դասերից։ Բայց պատերազմն ավելի նենգ է ու ավելի խորամանկ։

1988 թվականին պատերազմ էր։ 1992 թվականին պատերազմ էր։ 1993-ի դեկտեմբեր-1994-ի մայիս պատերազմ էր։ 2000 թվին պատերազմ էր։ Պատերազմ էր 2014-ին ու 2016-ի ապրիլին։ Պատերազմ է հիմա։ Այս ամենը մեկ մեծ պատերազմ է, որը բաղկացած է իրարից էապես տարբերվող փուլերից, որոնց հանգիստ կարելի է դիտարկել՝ որպես առանձին։ Վաղն էլ է պատերազմ լինելու։ Ըստ ամենայնի՝ մեծ, իսկական ու իր մասշտաբներով նախադեպը չունեցող մեր պատմության վերջին 70 տարիների ընթացքում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք։

Մենք մինչև հիմա անկեղծորեն հավատում ենք, որ նախորդ պատերազմների գեներալները հենց այն մեսսիաներն են, ովքեր ունիվերսալ ու համապարփակ լուծումներ գիտեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կիսվում դրանցով։ Գեներալ Մանվել, Գեներալ Սեյրան, Գեներալ Կոմանդոս, Գեներալ Վիտո, Գեներալ Օգանովսկի, հիմա էլ՝ գեներալ Սամվել Բաբայան․․․

Իմ կարծիքով, նրանցից յուրաքանչյուրին կարելի է մեծարել նախորդ պատերազմի/պատերազմների տարբեր դրվագների համար։ Նրանց կարելի է կշտամբել 1994-ին հետևած տարիների տարբեր դրվագների համար, բայց կարծում եմ, որ նրանք՝ հին գեներալները, քիչ անելիք ունեն վաղվա պատերազմում։

Ինչո՞ւ։ Որովհետև մեկը լավ ֆիդային է, մյուսը՝ ֆիդայիններից կանոնավորատիպ գունդ է լավ սարքում, երրորդը քաոսային վիճակում ֆանտաստիկ ադմինիստրատոր է, էն մյուսը՝ գեներալի ուսադիրները մոռացած պատասխանատվությունը վերցնում է իր վրա ու լծվում է գնդի հրամանատարի պատասխանատվությունները կատարելուն․․․ բայց, կրկին անգամ՝ իմ կարծիքով, նրանցից ոչ մեկը վաղվա պատերազմի համար կոմպետենտ չէ։

Գեներալը դա մասնագիտություն է։ Ինչպես ասենք բժիշկը, ինժեները, կամ էլ ծրագրավորողը։ Մասնագիտություն է, որը նույնիսկ առավել շատ, քան շատ այլ մասնագիտություններ, պահանջում է անդադար ինքնակրթություն ու վերապատրաստում, որովհետև առավել շատ, քան այլ մասնագիտություններում, զինվորականի ու հատկապես գեներալի գործում փոփոխություններ ու տեխնոլոգիական թռիչքներ են լինում։ Հին գեներալները մնացել են ինչ-որ տեղ՝ 1988-ում, 1992-ում, կամ էլ 1994-ում, իսկ վաղը մեզ սպասում է վաղվա պատերազմ, որում մարտնչելու ենք միանգամայն այլ՝ կանոնավոր բանակով, որը զինված է միանգամայն այլ մասշտաբներով և ունի միանգամայն այլ թվակազմ, քան այդ թվերին էր, և որը կառավարելու համար պահանջվում են միանգամայն այլ գիտելիքներ ու հմտություններ, քան ունեն հին գեներալները։ Ու ինչպես միայն Basic ծրագրին հրաշալի տիրապետող ծրագրավորողը, կամ էլ պենիցիլինի գյուտին անհաղորդ բժիշկը, այնպես էլ ԱԹՍ-ների ու ՌԷՊ միջոցներ դարաշրջանում զորքերի մեծ միավորումների ղեկավարման փորձ չունեցող թեկուզ վիրտուոզ, բայց անցյալի գեներալը չի կարող արդյունավետ լինել իր գործում։

Հին գեներալները անցյալ են, սիմվոլ են, հերոս են ու․․․ ժամանակավրեպ են։ Բանակին պետք է սերնդափոխություն ու ապրիլյան մարտերը ցույց տվեցին, որ այդ սերնդափոխությունը առաջին հերթին գեներալական ուսադիրներ կրող էշելոնում են պետք։ Ապագան՝ ապագայի գեներալներինն է, որոնք կան, պարզապես դեռ գնդապետերի ու փոխգնդապետերի, մայորների ու կապիտանների և հնարավոր է անգամ, որ շարքայինի ուսադիրներ են կրում դեռ, բայց որպեսզի նրանք առաջ գնան, հները պետք է աստիճանաբար ու հետևողականորեն հեռանան ու․․․ չվերադառնան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել