Մարտունի 3-ի մարտական հենակետում՝ խրամուղու պատերի տակ կակաչներ են ցանված. տղերքն իրենց համար ոչ միայն հարմարություններ են ստեղծել, այլև ծաղիկներ ցանել, առանձին աղոթատեղի ստեղծել։ Blognews-ը ներկայացնում է ֆոտոռեպորտաժ՝ «Մի դիրքի պատմություն»։
Առանձնակի կոկիկությամբ աչքի ընկնող այս դիրքի «դեմբելները» թեև տուն գնալու օրերն են հաշվում, հաստատակամ ասում են, որ անհրաժեշտության դեպքում կրկին կգան առաջնագիծ։
Թեև տղաները մարտի 15-ից դիրքերում են, այս ընթացքում միայն մի քանի օրով են գնացել զորամաս ու վերադարձել դիրքեր, չեն դժգոհում, ասում են՝ այստեղ ավելի լավ է՝ բոլորն իրար ընկերներ են։ «Հենց այստեղ ենք հասկանում ոչ միայն հայրենիքի, այլև մեր արժեքը, մեր արած գործի կարևորությունը»,- նշում են նրանք։
Դիրքը տեխնիկապես բավականին հագեցած էր, թեև հրամանատարությունը թույլ չտվեց նկարել ու հանրությանը ցույց տալ այն տեխնիկան, որ ունեն. ասում են՝ ճիշտ է՝ ներքին հասարակությունը չի իմանա, սակայն թշնամին էլ չի իմանա, թե ինչպես կարող ենք դիմավորել իրենց։ Միևնույն ժամանակ՝ հպարտությամբ նշում են, որ այս դիրքի ուղղությամբ դիվերսիաներ չեն լինում, թշնամին կրակում է, սակայն երբեք ռիսկ չի անում գալ իրենց ուղղությամբ, որովհետև գիտի՝ պաշտպանության մակարդակը։
Տղերքն իրենց հյուրերին առանց սուրճ հյուրասիրելու չեն ճանապարհում, նույնիսկ քաղցրավենիք են առաջարկում, իսկ հրաժեշտին առաջինն են շտապում ասել՝ «անփորձանք, լա՛վ կացեք», թեև իրենք են թշնամուց մի քանի մետր են հեռու մնում՝ հայրենիքի սահմաններն անսասան պահելու։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի