Վերջին օրերին հայաստանյան իրականության գրեթե բոլոր շերտերը միանգամից սկսեցին քննարկել ու հիմնականում քննադատել ամենատարբեր արձանների լավ կամ վատ լինելը: Թերևս շրջանցեմ «հմուտ ճարտարապետության և քանդակագործության» մեկենաս և ոլորտի մասնագետ լինելու դրույթը և խոսեմ մի փոքր այլ, բայց, ոչ պակաս կարևոր դրվագի մասին:

Անկախ ապրած ժամանակաշրջանից և կրած գաղափարախոսությունից, անկախ նրանից, թե տվյալ անհատն ինչ քաղաքական կուրսի կամ արժեհամակարգի կրողն է եղել, չի կարելի մարդկանց դասակարգել ըստ «քաղաքական կաստաների» (որպեսզի նշածս թեզը թյուր չնկալվի, նշեմ, որ բնականաբար խոսքը չի վերաբերում հակապետական տարրերի ու ստահակաների մասին. գևորգաթարբեկյաններ, մուղդուսիներ, նուրիջանյաններ, և այլն, խոսքն ուղղակի պետական, քաղաքական, հասարակական գործչի, մարդու մասին է, ով հայ պատմության մեջ լումա ունի): Կոնկրետ ինձ համար էական չէ, և հավասար են ասենք, Զարեհը, Բաթ Սահարունին, կամ ասենք` Հակոբ Մեղապարտն ու Կամոն, քանի որ նրանք բոլորն էլ հայ են և հայ ժողովրդի ու հայ իրականության համար եղել են տվյալ ժամանակի համար լուրջ ֆիգուրներ: Ասածս գուցե պաթետիկ հնչի և ունենամ շատ քննադատներ, բայց հայերս սիրում ենք ապրել և արտահայտվել ժամանակի քաղաքական կուրսին ու պահանջներին համապատասխան:

Օրինակ` մեր դպրոցական դասագրքերում, իմ կարծիքով, նվազ են հայ որոշ պատմական անհատների մասին տվյալներ, իսկ ոմանց մասին ընդհանրապես հիշատակումներ չկան: Կուսակցական չլինելով և որևէ կուսակցության գաղափարը չթերագահատելով` նշեմ, որ օրինակ 1900-ական թվականի դեպքերը մատուցված են բավականին խրթին ու ոչ ընկալելի: Իսկ ասենք` 1920 թվականի Հայաստանի բոլշևիկացումը մի տեսակ լալագին է ներկայացված, 1910-18թթ.-ի Անդրկովկասում` հատկապես Թիֆլիսում ծավալված դեպքերի մասին խոսել և չհիշատակել Կամոյի մասին, մի տեսակ անհասկանալի է: Կամ Աղասի Խանջյանի նման պետական մտածողությամբ մարդու մասին երկու նախադասությունը բավականին քիչ է, նաև անընդունելի:

Այս ամենից մի հետևություն. ինչո՞ւ այդպես էլ Երևանում չկա Աղասի Խանջյանի արձանը, թեպետ կան Շահումյանի ու Մյասնիկյանի արձանները: Չկան նաև Առաջին Հանրապետության վարչապետ Սիմոն Վրացյանի, Սարդարապատի զորավարների արձանները:

Հ.գ.1 Իմ հարգարժան ավագ ընկեր Կարլ Արսենիչն ինձ այսօր ստիպեց կենտրոնանալ մի հետաքրքիր դետալի վրա. պարզվում է` Հայաստանում արձաններին պատվանդաններից կտրուկ իջեցրեցին, փոխարենը մոդայիկ է դարձել այն մարդու հասակին և մարդուն հասանելի չափսերով ստեղծելը:

Հ.գ. 2 Համաձայնեք, որ օրինակ բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանի չափսերն ու ընտրված ոճը, իրոք, իդեալական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել