Ինչպես  արդեն տեղեկացրել ենք  Blognews.am-ն այցելել է Գյումրի և հանդիպել գյումրեցի զոհված զինծառայողների ընտանիքների հետ:  

Հանդիպեցինք ապրիլի 1-ին Արցախում զոհված գյումրեցի Վլադիմիր Մելքոնյանի ընտանիքին: Ամեն անգամ շատ դժվար է այցելել որդեկորույս ընտանիքներին, դժվար է գտնել բառեր, որոնք կմխիթարեն այդ մարդկանց վիշտը, բայց այդ ամենն էլ ավելի դժվար է, երբ այցելում ես ու տեսնում, թե հոգեկան ցավի հետ մեկտեղ ինչ ծանր սոցիալական պայմաններում են ապրում մեր հերոս տղաների ընտանիքները:

Ճիշտ է, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասարակությունն ինքնակազմակերպվեց և բավականին մեծ ծավալների օգնություն հավաքվեց, օգնություն ուղարկվեց Սփյուռքից, եղան դրամական փոխանցումներ, բայց...2 ամիս անց հանդիպում ենք ընտանիքներին ու տեսնում, որ շատ քիչ բան է փոխվել այս մարդկանց կյանքում: Նրանք շարունակում են ապրել նույն ծանր սոցիալական պայմաններում, նույն ծայրահեղ աղքատության մեջ:

Վլադիմիրի ընտանիքը բնակվում է երկաթգծի ավանում գտնվող և նախկինում ինչ-որ հիմնարկության պատկանած, հետագայում բնակելիի վերածված երկհարկանի կառույցի մի հատվածում`փլված, խարխուլ ու խոնավ մի սենյակում, որը նույնիսկ իրենց չի պատկանում: 
Որդու զոհվելուց հետո ընտանիքին թույլատրել են հարևանությամբ գտնվող չօգտագործվող սենյակն ավելացնել ընդհանուր բնակմակերեսին`որպես բնակարային պայմանների բարելավում: Տունը վերանորոգված չէ, որպես օգնություն տրամադրված գումարներից միայն կարողացել են պատուհաններ տեղադրել: 

Վլադիմիրի 80-ամյա պապիկը` Գառնիկ Ազատյանը, պատմում է, որ Մադաղիսում ծառայություն անցնող Վլադիմիրն ապրիլից մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թալիշ` ջոկի հրամանատար էր: Ապրիլի 1-ին Թալիշի թեժ մարտերի ժամանակ նա առաջին զոհերից է եղել: Ծանր վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում և հոսպիտալի ճանապարհին մահացել: Նրա զոհվելուց մի քանի ժամ անց հակառակորդը Թալիշը վերցրել է: 

«Վիլոս հնարավորություն ուներ իր ծառայությունն Իջևանում անցնել, քանի որ բանակ զորակոչվելու ժամանակ ավագ եղբայրը ծառայում էր Իջևանում: Բայց դեմ  գնաց բոլորին, կռիվ արեց զինկոմիսարիատում  ու Արցախ մեկնեց: Դա իր կամքն էր, հողը նրան կանչում էր: Ասում էր` ես մամայի բալա չեմ, որ չգնամ, ես գնում եմ հայրենիքի հանդեպ իմ պարտքը կատարելու»: 

Վլադիմիրը մանկուց է հայրենասեր ու տարբերվող եղել, կարգապահ էր, կռվարար չէր: Ուզում էր նմանվել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ հորը` Աշոտ Մելքոնյանին, ով  նույնպես Արցախում է կռվել և Արիության մեդալակիր  է:

«Ծառայությունից երբեք չի բողոքել, ինչքան հարցնում էինք` ինչպես է անցնում ծառայությունդ, ասում էր` «ցենտր, պապի ջան»: Երբեք գլուխ չէր գովում, ոչնչով չէր պարծենում»:

Վլադիմիրի տատիկը ցույց է տալիս թոռան բանակային լուսանկարների ալբոմն ու հիշում.

«Վիլոս երազում էր բանակից վերադառնալ, եղբոր հետ աշխատել ու սեփական տունը կառուցել: Երբ հայրը մահացավ, մոր հետ եկան մեզ մոտ ապրելու, ասում էր` տատ ջան, շնորհակալ եմ, որ ինձ տուն տվեցիք, բայց ես իմը պետք է ունենամ...»:

Որդու հետ վերջին անգամ խոսել են մարտի 31-ին: 

«Դուխ տվեց, ասեց չմտածեք, մենք այստեղ  ենք, որ դուք հանգիստ քնեք, ոչնչի մասին չմտածեք»,-ասում է Վլադիմիրի մայրը` տիկին Սվետլանան:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Վլադիմիր Մելքոնյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Սա էլ Մելքոնյանների տունն է, եթե այն, իհարկե, այդպես կարելի է անվանել`

Ընտանիքը չուներ բացված հաշվեհամար, բայց օգնել ցանկացողները կարող են գրել Բլոգ Նյուզի խմբագրություն, և մենք կտրամադրենք հեռախոսահամար:

Նյութը՝ Անի Հակոբյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել