Երեկ Հայաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում վերջին զանգ էր… Նախորդ տարիների համեմատ սահմանին տեղի ունեցած ապրիլյան առճակատումների ազդեցության տակ այն այս տարի անցկացվեց շատ ավելի կազմակերպված, խորհրդանշական ու հայրենասիրական տրամադրություններով: Սակայն ողջ օրվա լավատեսական  տրամադրությունները արդեն իսկ աղավաղվեցին, երբ հայտնի դարձավ, որ Արարատ քաղաքում տեղի է ունեցել ողբերգական պատահար, որի արդյունքում ունենք 2 զոհ և 3 վիրավոր՝ բոլորն էլ շրջանավարտներ……Ես հասկանում եմ, որ մենք՝ հայերս երեխայապաշտ ազգ ենք, ավելին՝ ազգովի ապրում ենք հանուն մեր երեխաների, պատրաստ ենք ամեն զոհողության՝ միայն թե լավ լինի երեխայի համար, նահանջում ենք մեր սկզբունքներից՝ միայն թե երեխայի սրտով լինի, երեխան չընկճվի, երեխան ընկերներից հետ չմնա, երեխան իրեն լավ զգա ու այսպես շարունակ….Ու շատ հաճախ ինքներս, չգիտակցելով մեր ամենաթողության վտանգավորությունը, մեր սեփական երեխայի կյանքի հետ խաղ ենք խաղում… այո, հենց այսպես՝ խաղ… ուրիշ ոչ մի բառով չեմ կարող նկարագրել արարքը, որը հայ ծնողն է թույլ տալիս իր 16-17 տարեկան երեխայի հանդեպ՝ վերջին զանգի օրը նրա ձեռքին դնելով մեքենայի բանալիները… Այսօր արդեն ուշ է քննարկել, քննադատել ու առավել ևս փորձել ինչ որ բան փոխել, շտկել….այսօր իսկապես ՈՒՇ է, իսկ երեկ… երեկ դեռ ամեն ինչ կարելի էր շտկել, կարելի էր որդու պահանջ-ցանկությանն ի պատասխան ասել՝ ՛՛ լսիր տղաս, ես հասկանում եմ, որ դու քեզ արդեն մեծ ես զգում, բայց ես քեզ ավտո չեմ տա: Ուզում ես ավտոյով շրջես՝ շատ լավ, ինքս կուղեկցեմ քեզ էլ, ընկերներիդ էլ՛՛… Բայց…….Չասեց այդպես ծնողը երեկ, դրա համար էլ վաղը նա իր երեխային վերջին անգամ է ճամփա դնելու, ճամփա է դնելու իսկապես վերջին ծաղիկներով ու անսահման թաց աչքերով… Սա ողբերգություն է, որը կրկնվում է գրեթե ամեն տարի միայն նրա համար, որ ինչ-որ տեղ, ինչ-որ ծնող կորցնում է իր սթափությունն ու իրեն թույլ է տալիս հանցավոր միտքը՝ ՛՛ դե լավ է, մի օրա էլի, թող քշի, բան չի լինի՛՛ ….
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել