Նկարը այստեղից՝ http://www.telegraph.co.uk/news/worldnews/middleeast/8705142/What-did-we-expect-from-the-Arab-Spring.html

Այս օրերին լրանում է եգիպտական հեղափոխության երկրորդ տարին: Իրականում հենց Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հրաժարականով ավարտված ժողովրդական հուզումները կարելի է համարել այն երեւույթի սկիզբը, որը հետագայում կկոչեն «Արաբական գարուն»: 2010թ. սկզբին Թունիսում տեղի ունեցած իշխանափոխությունն այդպես էլ կմնար պատահական մի դեպք, եթե այն չշարունակվեր Մերձավոր Արեւելքում Եգիտպոսի նման կարեւորագույն խաղացողներից մեկում:

Հեղափոխության տարեդարձը Եգիպտոսը նշում է նոր անկարգություններով ու զոհերով: Երկաթյա ձեռքով տասնամյակներ կառավարվող երկիրը գնալով անիշխանության է մատնվում: Բոլորիս ծանոթ, Ֆրանսիական Մեծ հեղափոխության շրջանի գործիչներից մեկի՝ Դանթոնի կամ Միլյեյի միտքն այն մասին, որ «Հեղափոխությունը խժում է իր զավակներին», այս  երկրում ընդունում է ամենաայլանդակ ձեւերը, եւ հստակ պարզ է, որ հեղափոխությունը դեռ չի հագեցել ու նոր զոհեր է պահանջում: Ինչ արժի գոնե միայն հետեւյալ լուրը:

Եգիպտոսում 21 հոգու մահապատժի են դատապարտել: Դրանք մեկ տարի առաջ՝ փետրվարի 2-ին, Պորտ Սայիդ քաղաքի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներն էին: Այդ դեպքերի հետեւանքով 74 (յոթանասուն չորս) մարդ էր զոհվել: Դատապարտվածների հարազատները փողոց են դուրս եկել դատավճռի բարձրացումից անմիջապես հետո: Տեղական հեռուստատեսության տվյալներով՝ ամբոխից ավտոմատի կրակահերթեր են հնչել: Անբոխն ուղեւորվել է դեպի բանտ: Բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (երեսունվեց): Financial Times-ը այս միջադեպն անվանել է «Մահապատժի դեմ մահացու անկարգություն»:

Կարդացի լուրը եւ սարսափեցի: Թվերը, որ հեշտությամբ արտաբերում ենք, մարդկային կյանքեր են: Ես իմ գիտակցական կյանքի համարյա կեսը զբաղվում եմ Մերձավոր Արեւելքով եւ շատ լավ պատկերացնում եմ, որ այնտեղ գոյություն ունի կյանքի եւ մահվան նկատմամբ մեզանից բավականին տարբերվող ընկալում: Գիտեմ նաեւ, որ Արեւելքում թույլ լինելը սխալ է, իսկ իշխանության համար՝ մահացու վտանգավոր, եւ հասկանում եմ, որ այսօրվա եգիպտական ամբոխի  գործողությունները հենց սեփական ուժի զգացումն ու ցուցադրումն են: Գիտեմ նաեւ, որ մինչեւ 1970-ականներին հաստատված ռազնական վարչակարգերը ու կայունությունը, «արաբական փողոցը» ուղղակի թելադրում էր այդ երկրների ներքին զարգացումը եւ միլիոնանոց ցույցերը պատահական երեւույթներ չէին: Գիտեմ, այդ ամենը, սակայն, երբ հետեւում եմ Սիրիայի ոչնչացմանը, Եգիպտոսում չդադարող բռնությունների շղթային, իշխանությունների կողմից գրեթե չվերահսկվող Լիբիային հասկանում եմ, որ ոչինչ չէր կարող այդքան վարկաբեկել հեղափոխություն ռոմանտիկ եզրն ու երեւույթը, քան արաբական զարգացումները:

Հեղափոխություն բառը իմ սերնդի, եւ ավելի երիտասարդների մոտ կապվում է 1990-ականների «թավշյա հեղափոխությունների հետ», որոնց հետեւանքով փլուզվեցին կոմունիստական վարչակարգերն Արեւելյան Եվրոպայում: Դրանք խաղաղ ոչ-բռնության պայքարի եւ բարենպաստ միջազգային իրավիճակի հետեւանքն էին: Մյուս ալիքը, որը կոչվեց Գունավոր հեղափոխություններ նույնպես առանց բռնության իրականացված միջոցառումների մի ամբողջ ծրագրավորված մարտավարություն էր, որի հետեւանքով քաղաքական եւ քաղաքացիական ճնշման հետեւանքով հեռանում էին ավտորիտար իշխանությունները:

Այսօրվա մերձավորարեւելյան հեղափոխականությունը այլ որակ ու բովանդակություն ունի, թեեւ սկզբնական շրջանում փորձ արվեց այն ռոմատիկ շղարշով ներկայացնել: Եվ չեմ ուզում, որ Հայաստանը կրկնի այդ ճանապարհը: Արաբական գարունը եւ նրա կրկնօրինակները կարող են խորտակել ոչ միայն իշխանություններին, այլև պետականությունն ընդհանրապես: Եթե հեղափոխության ցանկություն կա, այլ օրինակներ ընտրենք: Իսկ իշխանությունները պետք է գիտակցեն, որ «Արաբական գարունը» հնարավոր է: Մի պարզ պատճառով, որ այն իր էությամբ ոչ այլ ինչ է, քան սոված եւ անարդարությունից հոգնած մարդկանց բունտ:

Սուրեն Մանուկյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել