Նավթի գնանկումը և մանաթի աննախադեպ դեվալվացիան ադրբեջանում ժողովրդական հուզումների պատճառ դարձան:Սկսվեց ձերբակալությունների շղթա, որին հաջորդեցին ոստիականական ուժերի պատժիչ գործողությունները ողջ երկրի տարածքով: Այս իրավիճակում  մեզ համար գոնե ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմը վաղ թե ուշ դիմելու է արդեն երկար տարիներ այդ երկրում հաջողությամբ ներդրված հայրենասիրական մոբիլիզացիային: Հայաստանում ևս այս մասին բարձրաձայնեցին շատերը, սակայն անհրաժեշտ չափով չմշակվեցին դրան դիմակայելու և հակահարված տալու մեխանիզմներ: Որոշ փորձագետներ էլ համարում էին, որ այդ մտայնությունը չի համապատասխանում իրականությանը և մենք հայերս ամեն ինչի մեջ մեզ համար բացասական հետևանք ենք տեսնում՝ յուրաքանչյուր իրավիճակում մեզ զոհ ներկայացնելով : Այո՛, առաջին հայացքից ինչը կարող է Հայաստանի համար ավելի լավ լինել քան այն, որ ադրբեջանական տնտեսության հիմնական շարժիչ ուժը հանդիսացող նավթի գինը ընկնի այնքան, որ քայքայվի այդ երկրի տնտեսությունը:
Բայց միթե ակնհայտ չէր նաև այն փաստը, որ այդ իրավիճակում փոքրիկ սուլթանը (Իլհամ Ալիև) ամեն ինչ անելու է իր երկրում ծառացած սոցիալական ու քաղաքական հուզումները տեղափոխել ղարաբաղյան հակամարտության դաշտ:
Ինչպես տեսանք, ապրիլյան դեպքերը՝ մինչ այդ տեղի ունեցած ու զարգացող իրադարձությունների տրամաբանական շարունակությունն էր: Նման իրավիճակում մեզ համար մի տարբերակ կա այդ մարտահրավերներին դիմակայելու համար: Անկախ այն բանից նավթի գները միջազգային բորսաներում զրոյական թե աստղաբաշխական թվերի են հասնում՝ Հայաստանը չունի այլ տարբերակ քան միշտ պատրաստ լինել ակտիվ մարտական գործողություններին:Ուզում ես ապրել խաղաղ, պատրաստվիր պատերազմի հրամայականով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել