Tert.am-ը գրում է.

Երևան քաղաքում հաջորդ արձանը լինելու է «Արարատ 73-ի» արձանախումբը. այսօր ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Ըստ նրա՝ կա ավագանու որոշում, սակայն ժամանակային իմաստով դեռևս հստակ տեղեկություն չկա: 

«Հավանություն տվեցինք տեղին՝ Հրազդան ստադիոնի հարևանությամբ կլինի արձանախումբ: Մենք մեր արժեքներով պիտի հպարտանանք, արձանները դառնում են մեր կյանքի մասնակիցը, կենդանի հաղորդակից, մեր քաղաքի բնակիչներ։ Հիշեք՝ Սասունցի Դավթից հետո Վարդան Մամիկոնյանի արձանը, որը նույն տաղանդավոր քանդակագործ Երվանդ Քոչարն էր: Ես լավ հիշում եմ՝ կային հակասական կարծիքներ, սակայն հիմա Վարդան Մամիկոնյանը գեղեցիկ արձան է՝ իր բովանդակության մեջ, պատմական իր ասելիքի մեջ, և մոռացվեցին բոլոր խոսակցությունները»,-ասաց նա և նշեց, թե այս  կերպ էլ կլինեն մյուս այն արձանները, որոնք հիմա քննադատում են:

Այն դիտարկմանը, թե եվրոպական երկրներում կան զգացմունքային փոքր արձաններ, օրինակ ՝ընտանիքի խորհուրդ պարունակող, կամ ինչպես է շունը խաղում մարդու հետ և այլն, սակայն մեր քաղաքում բացակայում են, Կամո Արեյանը համաձայնեց։

Սակայն, ըստ նրա, այս ձևաչափի մեջ նաև հարազատ արձան ունի. «Այս ֆորմայի մեջ ինձ ամենահարազատը «Ջուր ծախող տղայի» արձանն է, շուտով այդ այգին կվերակառուցեն: Բայց նման արձաններ ևս կան՝ նստած կինը, «Սիրում եմ չեմ սիրումը» և այլն: Փոքր ֆորմաները մեր քաղաքում քիչ են, և ես խորհուրդ կտամ մեր քանդակագործներին նման քանդակներով հագեցնել մեր քաղաքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել