Tert.am-ը գրում է.
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է պետական հատվածի սպասվելիք կրճատումներին, ինչպես նաև պնդում, որ պետական բարձր պաշտոնների համար մրցույթներում հաղթում են միայն պաշտոնյաների «կիրթ, գրագետ, բանիմաց երեխաները»:

- Պարոն Բադալյան, հաշվարկե՞լ եք՝ ինչ ազդեցություն կունենան պետական հատվածի կրճատումները, որոնց մասին խոսեց վարչապետը: Այդ պաշտոններն իրականում մեզ պետք չէի՞ն:
 
- Էդպես չի, որ վերջնական թիվ է որոշվել: Որևէ թիվ չի շոշափվում: Պաշտոնները, իհարկե, պետք եղել են, որ կան, բայց եթե կա հնարավորություն օպտիմալացնելու՝ առանց աշխատանքի որակի վրա ազդելու, բնականաբար, պետք է գնալ դրան:
 
- Չե՞ք կարծում, որ սա կարող է կոռուպցիոն նոր ռիսկեր բերել իր հետ, որ ծանոթ ունեցողը չկրճատվի, իսկ չունեցողին `կրճատեն:

- Դա անմարդկային արարք է: Ես, օրինակ, էդ երևույթին շատ վատ եմ վերաբերվում:
 
- Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ քաղծառայության բարձր պաշտոններում հաղթում են պաշտոնյաների երեխաները:
 
- Եթե պաշտոնյաների երեխաները կիրթ են, գրագետ են, բանիմաց են, նրանք ոչնչով չեն զիջում ոչ պաշտոնյաների երեխաներին:
 
- Այսինքն՝ հենց իրե՞նք են արժանի, որ լինեն բարձր պաշտոններում:
 
- Եթե նրանք իրենց որակներով համապատասխանում են, մենք չպետք է նայենք՝ պաշտոնյաների երեխաներ են, թե ոչ: Եթե իմ երեխան կրթված է, բարեխիղճ ու բանիմաց մարդ է, նա չպիտի միայն պաշտոնյայի երեխա լինելու պատճառով տուժի: Քաղծառայողների շարքերում շատ ավելի շատ են ոչ թե պաշտոնյաների երեխաները, այլ մեր սովորական-շարքային քաղաքացիների զավակները:
 
- Սովորական քաղաքացիները բողոքում են, որ բազմիցս մասնակցում են մրցույթների, սակայն որևէ անգամ չեն շահում, մինչդեռ, մեկը կարող է զանգով ընդունվել աշխատանքի: 
 
- 2015-ին մեր կողմից կազմակերպված մրցույթների 15 տոկոսում հաղթող չի եղել: Շատ կան մարդիկ պետերի մեջ, որ որևէ մեկի բարեկամը կամ զավակը չեն: Եթե մեկը կարծում է, որ մեկ անգամ մասնակցելով մրցույթի, կարող է հաղթել, ապա չգիտի օրենսդրությունը: Շատերին միայն թվում է, թե իրենք շատ գրագետ են, սակայն իրականությունն այդքան էլ այդպես չէ:
 
- Դուք հերքո՞ւմ եք, որ պաշտոնյաները Ձեզ զանգում ու այս կամ այն մարդու համար միջնորդում են, և այդ մարդն ընդունվում է աշխատանքի:
 
- Ես ոնց կարող եմ ինձ թույլ տալ հերքել նման բան, որովհետև և՛ դուք, և՛ ես, մեր իրականությունը գիտենք, բայց զանգահարել, խնդրել, միջնորդել դեռ չի նշանակում, որ անգրագետ մեկը պիտի հաղթահարի մրցույթի արդյունքները:
 
- Վարչապետը հանձնարարեց անհաշտ պայքար մղել կոռուպցիայի դեմ: Դուք պայքարո՞ւմ եք կոռուպցիայի դեմ Ձեր ոլորտում, և ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:
 
- Իհարկե: Մենք մեխանիզմներին ենք ապավինում, դա արդեն պայքար է կոռուպցիայի դեմ:  Մարդու գործոնը նվազեցնում ենք, երբ որ մեր մրցույթի մասնակիցը գիտի, օրինակ, որ թեստավորման փուլն ինքը պիտի հաղթահարի՝ ուզում է պաշտոնյայի զավակ լինի, ուզում է չլինի. արդեն մենք դրանով պայքարել ենք:  
 
- Այսինքն՝ դուք և Ձեր ղեկավարած խորհուրդը զե՞րծ եք կոռուպցիայից:

- Այո, միանշանակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել