Tert.am-ը գրում է.
Մենաշնորհների դեմ պայքար սկսելու մասին մայիսի 12-ի հայտարարությունից օրեր անց ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անձամբ պատգամավորներին ու բոլորին իրազեկեց, որ Հայաստանում մենաշնորհ չկա, ով ուզում է կարող է զբաղվել նրկրմամբ: Ավելի ուշ՝ ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողներին ասաց, որ Հայաստան շաքարավազ են ներկրում տասնյակ կազմակերպություններ, իսկ ապօրինի մենաշնորհ Հայաստանում ընդհանրապես չկա:
 
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից Tert.am-ը հետաքրքրվեց, թե արդյոք մինչ մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարություն անելը կառավարությունում չգիտեի՞ն, որ Հայաստանում ապօրինի մենաշնորհներ չկան։
 
«Այո, ապօրինի մենաշնորհներն արգելված են երկրում, բայց դա ամենևին չի նշանակում, որ օրինական եղանակով չի կարող շուկայական կոնյուկտուրայի պատճառով կամ այլ պատճառներով ձևավորվել մենաշնորհային դիրք ունեցող տնտեսվարող որևէ ոլորտում»,- Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Դավիթ Հարությունյանը։
 
«Այնպես որ խնդիրը վերաբերում է հետևյալին. Այո՛, օրենսդրական առումով ստեղծված չեն համապատասխան մեխանիզմներ կամ գործիքներ, որոնք խթանում են մենաշնորհի ձևավորումը կամ թույլատրում են մենաշնորհ, բայց դա ամենևին չի նշանակում, որ այն չի կարող ձևավորվել: Հարցադրումը, որը բարձրացվել է վարչապետի կողմից հետևյալն է՝ վերլուծել, թե լրացուցիչ ինչպիսի պայմաններ և գործիքներ են բացակայում, որպեսզի մենաշնորհներ չձևավորվեն, այլ դաշտում ավելի շատ տնտեսվարող սուբյեկտներ հայտնվեն»,– ավելացրեց նա:

      
Հարցին, թե կա՞ ոլորտ, որտեղ կառավարությունն արդեն իսկ գտել է մենաշնորհ, որի դեմ պիտի պայքարի, կառավարության ներկայացուցիչն ասաց. «Մանրամասն հանձնարարվել է՝ ուսումնասիրվել, կարծում եմ՝ այդ ուսումնասիրությանը կծանոթանաք և պարզ կդառնա: Ձեռքբերումների մասին կխոսենք ավելի ուշ, երբ նրանք ավելի ակներև դառնան հանրության համար»: 
 
Հիշեցնենք, որ մայիսի 12-ին վարչապետը հանձնարարեց էկոնոմիկայի նախարարին և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` վերլուծել Հայաստանում առկա մենաշնորհները, դրանց ազդեցությունն ազատ մրցակցային պայմանների վրա, և առաջարկել արդյունավետ լուծումներ, որոնք կարող են շտկել ստեղծված իրավիճակը: Հանձնարարականի կատարման համար տրվեց 3 շաբաթ, որի կեսից ավելին արդեն անցել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել