Tert.am-ը գրում է.

Ադրբեջանցին ՌԴ-ում սպանել է 23-ամյա կնոջն ու նրա անհետացման մասին տեղյակ պահել ոստիկաններին, գրում է spb.kp.ru-ն։

23-ամյա Գյուլնար Հաբիբովան Սանկտ Պետերբուրգում անհետացել էր ապրիլի 22-ի գիշերը։ Երեկոյան հեռախոսով հանգիստ զրուցել էր մոր հետ, ասել, որ պատրաստվում է ընթրիք պատրաստել ամուսնու՝ 34-ամյա Սամիրի համար։

Սամիրն ու Գուլյան (այդպես են նրան կոչում հարազատները) ամուսնացել են ապրիլի 15-ին։ Դրանից հետո աղջիկը տեղափոխվել էր ամուսնու բնակարան, իսկ մեկ շաբաթ անց առեղծվածային պայմաններում անհետացել։

Ապրիլի 22-ի առավոտյան Գուլյան պետք է գնար բժշկական ինստիտուտ, սակայն այդ պահից նրա հեռախոսն անջատված է եղել։ Սամիրի խոսքով՝ կինն առավոտյան հեռացել է տնից, ուր է գնացել՝ չգիտի։

Դրանից հետո Հաբիբովայից ոչ մի լուր չի եղել։ Ծնողները, ընկերները, կամավորներն ու ոստիկանությունն ավելի քան մեկ ամիս փնտրել են Գյուլնարին, իսկ հինգշաբթի արդեն պաշտոնական հաղորդագրություն է տարածվել. Հաբիբովան ոչ անհետացել է, ոչ էլ փախել։


Մայիսի  26-ի առավոտյան Սամիր Հաբիբովը ձերբակալվել է՝ ապրիլի 22-ին կնոջը սպանելու մեղադրանքով։


Այժմ Սամիրին հարցաքննում են։ Դեռ հայտնի չէ՝ ընդունե՞լ է նա մեղքը, թե՞ ոչ։ Դժբախտ կնոջ մարմինը դեռ չի հայտնաբերվել, սակայն կան ապացույցներ, որ նրան սպանել է հենց Սամիրը։

Գյուլնարն ու Սամիրը մինչ ամուսնությունը քիչ են շփվել. այդպես է պահանջում ադրբեջանական ավանդույթը։ Սակայն աղջկա ընկերներին տղամարդը դուր չի եկել հենց սկզբից։ Չափազանց խանդոտ է եղել. Սամիրը պնդել է, որ աղջիկը կարող է հանդիպել միայն մոր հետ, իսկ մնացած ժամանակը պետք է տանն անցկացնի։ Արդյունքում նա սկսել է փակ կենսակերպ վարել։ Անգամ սոցցանցերում իր էջերն է փակել ամուսնու պահանջով, պատմել է ընկերուհիներից մեկը։

Ուշագրավ է, որ Գյուլնարի անհետացման մասին ոստիկանությանը տեղյակ է պահել հենց Սամիրը և առաջին մի քանի օրերին զբաղվել որոնումներով։ Իսկ հետո, անսպասելիորեն, անհետացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել