Tert.am-ը գրում է.

14.50


Բողոքի ակցիայի մասնակից քաղցրաշենցիները նախագահական նստավայրում են

Քաղցրաշեն գյուղի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են անցկացնում նախագահական նստավայրի դիմաց. նրանք այստեղ են եկել Կառավարության շենքի դիմացից:

Հավաքվածների հետ նախ սկսեցին բանակցել ոստիկանները:

«Մեր քրտինքը բերեք, տվեք մեզի, մենք էլ թողնենք, ջանդմվենք»,- ասում էր հավաքվածներից մեկը: Նա պնդում էր, որ այս պահի դրությամբ իրենց հարցի լուծողը միայն Նախագահն է:

«Ուզում ենք, որ մեր Նախագահը  հելնի, մեր հարցը լուծի, էլ էս հարցը լուծող չկա: Հանրապետական էիք ուզում, հանրապետական բերինք, էդ էիք ուզո՞ւմ»,- ասաց նա:

Նախագահականից դուրս եկավ մի պաշտոնյա և գյուղացիներին առաջարկեց ուղեկցել նախագահական: Այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը նախագահականում են:

 

14.45




Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչներն այսօր հերթական անգամ հավաքվել էին կառավարության դիմաց՝ պահանջելով իրենց վճարել մթերված խաղողի գումարները: Քաղցրաշենցիներին էին միացել նաև Այգեզարդ, Դվին, Նարեկ, Այգավան համայնքի բնակիչները:
 

«Մեզ խոստացել էին, որ խաղողը կմթերեն 140 դրամից ոչ պակաս, սակայն մթերել են 40 դրամով: Ու դա դեռ հերիք չէ, մթերած խաղողի գումարներն առ այսօր չեն վճարել»,- ասաց կառավարության դիմաց բողոքող քաղցրաշենցիներից մեկը:
 

Նրանք նաև ասացին, թե ոչ թե խնդրանքով են եկել, այլ՝ պահանջով: «Մենք մեր փողերի տերն ենք, մենք մեր աշխատանքի գումարն ենք ուզում, մեզ ոչ մի կոռուպցիա ու մոնոպոլիա չի հետաքրքրում: Որդը ելել, թփերն է ուտում, չենք կարողանում մեր հողն ու ջուրը մշակենք, ձեռքներիս փող չկա»,-ասացին քաղցրաշենցիները:
 

Ցուցարարներին մոտեցավ Կառավարության դիմումների և նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինիս հետ 4 քաղցրաշենցի մտավ կառավարության շենք. Դուրս գալուց հետո Tert.am-ի հետ զրույցում քաղցրաշենցի Սոս Վարդանյանն ասաց, թե ներսում իրենց խոստացել են վաղը վճարել իրենց գումարները:

 

«Ներսում գինեգործ Ավոն մեզ ասաց, թե վաղը կվճարի: Արդեն 7 ամիս է մեզ ասում է, թե վաղը կտան, ռուսի «պոսլե զավտրան» ա: Մենք չենք հավատում, մենք միայն վարչապետի խոսքին ենք հավատում, ուրիշ ոչ մեկին: Մենք մի անգամ եկել ենք բողոք, վարչապետը խոստացել ա ու նույն օրը 50 միլիոն վճարել ե»,-ասաց Սոս Վարդանյանը:
 

Քաղրցրաշենցիները չհավատալով տրված խոստումին՝ երթով շարժվեցին դեպի նախագահի նստավայր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել