BlogNews.am-ը նոր խորագիր է սկսում` «Ինչ արժե», որի շրջանակներում կներկայացնենք Հայաստանում այս կամ այն ապրանքի, ծառայությունների, միջոցառումների կազմակերպման և այն ամենի գները, ինչը հետաքրքրում է սպառողներին: 

Մայիսի 27-ին Հայաստանի դպրոցներում տեղի  կունենան «Վերջին զանգի» միջոցառումները: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ ուսուցիչներն ու ծնողները զգուշացվում են, որ խստագույնս կպատժվեն դրամահավաքության դեպքերը: Բայց դրանք ընդամենը զգուշացումներ են ու մնում են միայն այդ մակարդակում: Ավարտական դասարաններում երեխաներ ունեցող ծնողները դեռ ամիսներ առաջ են սկսել պատրաստվել այս միջոցառմանը և դրա հետ կապված ծախսերին:

Այսօր երթուղայինի մեջ շրջանավարտների ծնողների խոսակցություն եմ լսում: Խոսում են, ավելի շուտ դժգոհում, որ վարսավիրանոցներում հերթեր են, դիմահարդարի ու մատնահարդարի մոտ պետք էր 1-2 ամիս առաջ գրանցվել: Առավոտյան աղջիկները պետք է ժամը 5-ին արթնանան, որ հասցնեն մինչև դպրոց գնալը «խառը ֆեն» ու չգիտեմ ինչ սանրվածքներ անել...Մյուսը դժգոհում է, որ դասարանով համաձայնության չեկան նույն շորերը հագնեն, հիմա մեկինը ավել կամ պակաս ճոխ կլինի, երեխաները կնեղվեն, ծնողները էլ ավելի շատ....
Մի խոսքով զուտ հայկական խոսակցությունԵվ էլ ուր մնացին նախարարությունների ու քաղաքապետարանների զգուշացումները: «Վերջին զանգը» ծնողների համար եղել ու շարունակում է մնալ բավականին ծախսատար միջոցառում:

Որոշեցի մոտավոր հաշվարկներ կատարել, թե որքան է արժենում «Վերջին զանգը»  աշակերտի և նրա ընտանիքի համար:

«Վերջին զանգի» սցենար

Օ, իմ ուսուցիչ, բարի, Ձեր մազերից մեկն էլ ճերմակել է իմ մեղքով երևի

Էլ ինչ վերջին զանգ, առանց լացակումած կենացախառը բանաստեղծությունների, հումորների, ու Թաթայի`փոխված բառերով երգերի: Իսկ երբ աշակերտներն ու ուսուցիչները ժամանակ չեն գտնում իրենք մշակեն իրենց միջոցառման սցենարը, ապա այն գնում են պատրաստի գրված: Իսկ պատրաստի սցենարի արժեքը 80.000-100.000 դրամ է:

Նվերներ, ծաղիկներ

Ճիշտ է, դրամահավաքներն արգելված են, բայց դասարանի ծնողական խորհուրդը ներքին կարգով բոլոր դպրոցներում ուսուցիչների, դասղեկի և տնօրենի նվերների և ծաղկեփնջի համար գումար է հավաքում: Այդ գումարը տատանվում է 10.000 -20.000 դրամի սահմաններում: Չնայած ծանոթներիցս իմացա, որ կան ծայրահեղ դեպքեր, երբ դպրոցն ավարտելու առթիվ տնօրենին ոսկե շղթա են գնում, դա, իհարկե, ավելի մեծ գումարների հետ է կապված:

Արտաքին տեսք

Հայ աշակերտուհիները Վերջին զանգին պատրաստվում են այնպես, ասես Միլանում նորաձևության շաբաթին են մասնակցում:Իսկ դա ենթադրում է նորաձևության շաբաթին համապատասխան ծախսեր: Սկսենք վարսահարդարումից: Եթե  մազերը «ուղիղ են ֆենում», դա արժենում է 1500-2000 դրամ, եթե «խառը ֆեն», դա մոտավորապես` 3000-4000 դրամ, իսկ եթե սանրվածք են անում, ավելի թանկ: Դիմահարդարի ծառայությունները սկսվում են 4000 դրամից և կարող են հասնել մինչև 40.000 դրամ, եթե օգտվում  են աստղային դիմահարդարների ծառայություններից, որ «մակիյաժը լավ մնա»: Տղաների դեպքում ավելի հեշտ է, մազերը կտրել և ֆենելը արժե 1500-3000 դրամ:

Հագուստ

Եթե դասարանով կարողանում են պայմանավորվել և «Վերջին զանգին» միանման հագուստ կրել, դա շատ լավ է, որովհետև ինչ-որ կերպ կանխում է սոցիալական կարգավիճակի տարբերության ցցուն դրսևորումները: Միանման համազգեստ կարելը ծնողներից յուրաքանչյուրի համար արժենում է մոտավորապես 25.000 դրամ: Իսկ եթե միանման չեն հագնվում, հագուստի վրա կարող են ծախսել նույն 25.000 դրամից մինչև անվերջություն, կախված, թե  երեխան որ բրենդն է նախընտրում, որ մոդելավորողի հագուստով է որոշել զարմացնել իր համադասարանցիներին և այլն:

Վինետկա և «Վերջին զանգի» միջոցառման ատրիբուտներ

Վինետկան կարելի է և գումարել «Վերջին զանգի» ծախսերին, և ոչ, որովհետև շատ դպրոցներում դրա գումարը տարվա առաջին կեսին են հավաքում: Այն արժե 6000-10.000 դրամ, կախված քանի էջից է բաղկացած վինետկան և ինչ ձևավորում ու ինչ կազմ ունի:

Վերջին զանգի ատրիբուտներն են հագուստին ամրացվող զանգը և շրջանավարտի ժապավենը, որը եթե մեծ քանակով են պատվիրում կամ գնում, յուրաքանչյուր աշակերտի համար արժենում է մոտ 3000 դրամ:

Լուսանկարիչ և օպերատոր

«Վերջին զանգի» ակնթարթներն ամբողջ կյանքի համար անմահացնելու համար լուսանկարիչը պահանջում է 200.000 դրամ: Իսկ եթե երեխաներն ուզում են ոչ միայն լուսանկարներ, այլ նաև տեսաձայնագրություններ, դա ավելի թանկ արժե: 

«Վերջին զանգի» ավարտական երեկո

Սա, իհարկե, ամենասպասված պահն է շրջանավարտների համար: Ավարտական երեկոն  համարվում է հասուն կյանք մուտք գործելու խորհհրդանշական մեկնարկը: Աշակերտներն ամոբղջ տարին պատրաստվում են այդ երեկոյին:  Այն սովորաբար անում են կամ «Վերջին զանգի» օրը կամ էլ ավարտական քննությունների ավարտից հետո: Բայց անցկացման վայրը ընտրում են ու ամրագրում դեռ ամիսներ առաջ: Գինն ուղիղ համենատական է ռեստորանի էլիտարությանը: Եթե մարզերում «Վերջին զանգին» ռեստորան գնալու համար մեկ անձի համար հավաքում են մինչեւ 10 հազար դրամ, ապա Երեւանում` 10-20 հազար դրամ: Եվ դրան էլ գումարվում են երեկոյան զգեստների ու սանրվածքների ծախսերը ու էլի բավականի մեծ թիվ դառնում:

Այս բոլոր ծախսերն ի մի բերելով` կարելի է ասել, որ շրջանավարտ ունեցող ծնողի համար վերջինզանգյան ծախսերն արժենում են նվազագույնը 100-150.000 դրամ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել