Tert.am-ը գրում է.
Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և չունի որևէ առնչություն տեղի ունեցած միջադեպի հետ, որի մասին տեղեկատվությունը տարածվել է լրատվամիջոցներով և որի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել։ 
 
Այս մասին ասվում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության պարզաբանման մեջ։
 
«Լրատվամիջոցներով տարածված  տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի  է ունեցել միջադեպ, որի  կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել,  որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի»,–հայտնում են նախարարությունից։
 
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Երևան քաղաքի քննչական վարչությունում մայիսի 16-ին Կապի և տրանսպորտի նախարարության բակային հատվածում տեղի ունեցած վիճաբանության փաստի առթիվ քրեական գործի շրջանակներում 4 անձ կալանավորված է, 1-ը` ձերբակալված, ևս մեկին ձերբակալելու որոշում է կայացվել` ձեռք բերված ապացույցների հիման վրա:
 
Հիշեցնենք նաև, որ երեկ երեկոյան armtimes.com-ը տեղեկացրել էր, որ նախօրեի գիշերը ձերբակալվել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:
 
«Թե ինչու է տեղի ունեցածը գաղտնի պահվում, կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Բեգլարյանին հաջողվի այս ընթացքում «ջրից չոր դուրս բերել» իր թիկնապահներին»,-գրել էր լրատվամիջոցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել