Tert.am-ը գրում է.
Հայաստանի Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ եթե իշխանություններն ուզում են մենաշնորհը վերացնել, ապա պետք է միայն հայտարարություններով չսահմանափակվեն:
 
«Եթե խոսում են մոնոպոլիայի վերացման մասին, պետք է բուն խնդիրներին ուշադրության դարձնեն, ոչ թե ասեն՝ բերեք դեպքեր ցույց տվեք, զանգեք ասեք կամ ո՞վ բերեց, որ չթողեցին. նման խոսակցություն չպետք է անեն, այլ պետք է նստեն և ֆունդամենտալ հարցերին լուծում տան, եթե ուզում են, իհարկե, խնդրը լուծել»,- ասաց նա:
 
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Ազգային ժողովում ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, թե Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի կարող է ներկրել ինչ ցանկանա: «Որ ասում են, շաքարավազը մենաշնորհ է, այլ տեսակի սնունդները մենաշնորհ են, հիմա ես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ յուրաքանչյուր գործարար, որը ցանկություն ունի զբաղվել այդ բիզնեսով, կարող է զբաղվել: Ես լինելու եմ հետևողական, որևէ մի գերատեսչության, նախարարության, պատկան մարմինների կողմից առանձնակի մոտեցումներ չեն լինելու: Լինելու են հավասար պայմաններ, հավասար հարկային դաշտ, բոլորը պետք է լինեն հավասար հարկային դաշտում: Մենք այս գործընթացին լինելու ենք հետևողական»,-հայտարարել էր վարչապետը: 

Գագիկ Մակարյանը մինչ բուն խնդիրներին անդրադառնալը՝ հիշեցրեց, թե օրենքը որևէ  մեկին մոնոպոլ իրավունք չի տվել: «ՏՄՊՊՀ-ն էլ այստեղ գրեթե անելիք չունի, շաքարավազը, միսը, գյուղմթերքն ու բոլոր մյուս ապրանքները կոմերցիոն բնույթով աշխատում են, որպես ազատ շուկայի թողնված հնարավորություն, այլ բան է, թե չգրված օրենքներով օգնում ենք, թե խանգարում ենք ներկրողին, որովհետև գիտենք, պրակտիկ կյանքում խանգարող երևույթները շատ են»,- ասաց նա և ապա անցավ դրանց թվարկմանը: 
 
«Առաջինը՝ դրանք կարող են լինել արհեստական ուշացումները սահմանի վրա, երբ որ ներմուծողը բերում է, բայց քանի որ մի խոշոր ներմուծող ունի կապեր՝ տեղեկացնում են և այդ բեռը սկսում են արհեստականորեն պահել սահմանի վրա, երկարացնում են օրերը, որ նա ավելորդ վճարումներ կատարի պահեստում, կամ ապրանքը փչանա»,-ասաց նա:
 
Հաջորդ խնդիրը, ըստ նրա, այն կարող է լինել, որ մի ներկրողի հաշիվ–ապրանքագրային գնով են մաքսազերծում, իսկ մյուսին կարող են բերելուց շուկայական գին դնել և ասել, որ քո հարկերն այսքան պետք է վճարես, այսինքն՝ ավելի բարձր:
 
«Արհեստականորեն մրցակցությունը գցում են երկրորդ կողմի և քանի որ նա թանկ գնով է մաքսազերծում՝ շահույթ չի ունենում և շուկայում էլ չի կարողանում վաճառել, հետևաբար դա նրա համար դառնում է խրատ, որ երկրորդ անգամ չբերի»,-թվարկեց նա:
 
Երրորդ խնդիրը, ըստ Մակարյանի, կարող է առաջանալ այն ժամանակ, երբ արդեն մաքսազերծված բեռը հասցվում է վաճառքի փուլին, սակայն այստեղ արհեստական այլ խոչընդոտ է առաջանում։ «Իրեն կարող են ուղղակի ինչ-որ մարդիկ մոտենալ և ասել, որ այլևս չբերես ու ինքը հասկանա, որ չպետք է բերի, վախենա, անհանգստանա ու չբերի»,-ասաց նա:
 
Չորրորդ խնդիրն այն է, որ որոշ ներկրողներ ունեն իրենց սուպերմարկետները և իրենց համար ավելի հեշտ է ներկրելուց հետո տվյալ ապրանքն իրացնելը: «Իրենք սուպերմարկետների ցանց ունեն, իսկ դու եթե մեծ քանակով բերես՝ չես կարող վաճառել փոքր մանրածախ խանութներում: Այսօր սուպերմարկետներ ստեղծելը նաև տվել է արհեստական մոնոպոլ վիճակ, այսինքն՝ կարող է նա մոնոպոլ չի, բայց քանի որ ունի շատ մեծ ցանց սուպերմարկետների, որտեղ մեկ օրում կարող է վաճառել 5000 փոքր խանութի չափ, էլ ինչպես կարող ես մրցակցել՝ գնալով փոքրերին խնդրելով, որ բերեմ վաճառես: Այսինքն՝ այնքան մեծ է գլխացավանքը ու այստեղ էլ այնքան խելոք մեխանիզմ են մտածել և որոշ խոշոր ներկրողներ այնքան հեռատես են եղել, որ ցանց ստեղծելով, իրենց իրացման հարցը լուծել են և եթե ասես՝ կտա՞ս քո սուպերմարկետում վաճառեմ, չի համաձայնի, կամ էլ իր գինը կթելադրի, որին էլ դու չես համաձայնի»,-ասաց նա:
 
Գագիկ Մակարյանի խոսքով՝ թաքնված մոնոպոլիաներ էլ կան, որոնց մոտ անհավասարաչափ ստուգումներ են լինում, քանի որ բարեկամական կապերի ներքո շատ պաշտոնյաներ՝ ներկա ու նախկին նախարարներ ու ուժային կառույցների ղեկավարներ ունեն տարբեր բիզնեսներ, կապեր, նրանց հարազատները, երեխաները, ընկերներն ունեն բիզնես և նրանց նկատմամբ վերաբերմունքը լրիվ այլ կերպ է, իսկ ովքեր ոչ մի տեր չունեն, նրանք էլ ուրիշ են, այստեղ էլ անհավասար պայմաններ են»,-ասաց նա: 
 
Հայաստանի Գործատուների միության նախագահի խոսքով՝ ի վերջո այս հայտարարությունները բավարար չեն, որպեսզի նշված չգրված օրենքները չկիրառեն: «Նախ դեռ մարդիկ էլ զգուշավոր են, նույն աշխատողները մաքսակետերում և այլն՝ դեռ օրինակներ պետք է տեսնեն, որ օրենքի տառին համապատասխան գործելու դեպքում համապատասխան ղեկավար մարմինները, խոշոր ներկրողներն իրենց չեն պատժելու, զայրանալու իրենց վրա, որ թողնեն այդ բեռերը բոլորի համար նույն պայմաններով գա: Աշխատողներն էլ հոգեբանական խնդիրներ ունեն, իրենք վստահ չեն, որ այսպես անեն չեն պատժվի»,-ասաց նա և եզրափակեց, որ երբ կտեսնեն այդ ուղղությամբ քայլեր, այդ ժամանակ էլ կհասկանան, որ գործ են ուզում են անեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել