Շատ հաճախ է լինում առօրյայում, երբ առաջին անգամ շփվելով մարդու հետ, այնուամենայնիվ, քեզ չի լքում զգացողությունը, որ նրան արդեն գիտես: Համաձայնեք՝ դեժավյուի էֆեկտին հավասար այս երևույթը ծանոթ է մեզանից գրեթե յուրաքանչյուրին: Իսկ եթե՞ զգացողությունն այդ ոչ թե դեժավյու է, այլ ակնհայտ կրկնություն՝ տվյալ դեպքում ճակատագրի: BlogNews-ն այսօր փորձել է մեկ  վերնագրի տակ մեկտեղել մեր և արտասահմանյան մեդիաների հայտնի մի քանի դեմքերի ճակատագրեր, որոնց նմանությունը ուղղակի ապշեցնում է.

Արփինե Հովհաննիսյան - Ամալ Քլունի

Ասել, որ արտաքնապես այս երկու գեղեցկուհիները նման են՝ նորություն չի լինի… նորություն չէ նաև այն, որ նրանց երկուսի մասնագիտական գործունեությունը արդարադատության ոլորտում է: Ինչպես Արփինեն, այնպես էլ  Ամալը դեռ պատանեկան տարիներից են լրջորեն զբաղվում իրավագիտությամբ, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խնդիրներով: Երկուսն էլ հայտնի են ՄԻԵԴ-ում իրենց ազդեցիկ ու գրագետ զեկույցներով:  Այս երկու հմայիչ ու  գեղեցիկ կանայք, սակայն, ունեն ևս մեկ ապշեցուցիչ նմանություն: Նրանց մասնագիտական գործունեությունը, որը ոչ մի աղերս չունի շոու-բիզնես հասկացության հետ, չի խանգարում նրանց լինել  հասարակության ուշադրության կենտրոնում՝ որպես  գեղեցիկ, նորաձևություն թելադրող , ցանկալի կին:

Անահիտ Սիմոնյան - Վիկտորիա Բեքհեմ

Անահիտի ու Վիկտորիայի  արտաքին նմանությունը ևս ակնհայտ է: Սակայն գլխավոր նմանությունը, որ կապում է այս երկու կանանց, ոչ թե արտաքինն է, այլ այն, որ երկուսն էլ սկսել են իրենց գործունեությունը որպես երգչուհի, իսկ հետո  շարունակել որպես դիզայներ-մոդելավորող:  Հաջորդ  նմանությունը ճակատագրերի միջև այն է, որ նրանց երկուսի ամուսիններն էլ բավականին կայացած տղամարդիկ են եղել արդեն իսկ մինչև ամուսնությունը: Անահիտ Սիմոնյանն էլ Վիկտորիա Բեքհեմի նման երբեք չի դադարում լինել ամուսնու երկրպագուհիների ուշադրության կենտրոնում: Իսկ դա միշտ չէ, որ հաճելի է, նամանավանդ երբ խոսքը չարախոսություններին է հասնում:

Նազենի Հովհաննիսյան - Թինա  Կանդելակի

Հայկական արյուն. ոչ, սա չէ այս երկու հեռուստադիվաներին կապող միակ բանը: Ինչպես Թինան, այնպես էլ Նազենին  հեռուստադիտողին նախ և առաջ հայտնի են որպես ինտելեկտով, հումորի ՛՛լավ՛՛ զգացումով   ու  բարձր պրոֆեսիոնազիմով հաղորդավարուհիներ: Նրանք ամենուր սիրված են ու սպասված: Ցանկացած նախագիծ, որը առնչվում է այս կանանց հետ, դատապարտված է հաջողել ու լավագույն վարկանիշը հավաքել այդ պահին գոյություն ունեցող բոլոր մյուս նախագծերի կողքին: Այս երկու կանայք  ունեն նաև  ընդհանուր նախասիրություններ. նրանք երկուսն էլ զբաղվում են յոգայով՝ ընդ որում շատ լուրջ, հետևում են առողջ ապրելակերպի բոլոր կանոններին,  զբաղվում են բարեգործությամբ:

Սոս Ջանիբեկյան - Ջասթին Թիմբերլեյկ

Այս երկու տղամարդկանց կայացումը որպես աստղ տեղի է ունեցել մեր աչքերի առաջ: Մենք նրանց հետևում ենք վաղ պատանեկությունից ու կայացման ողջ ճանապարհը հիշում ենք երևի թե շատ ավելի լավ, քան իրենք: Թե՛ Ջասթինը և թե՛ Սոսը հայտնի սրտակերներ են, ընդ որում երկուսի կնմոլի համբավը չի խանգարում նրանց ամեն անգամ ավելի գեղեցիկ ու կայացած ընկերուհիներ ունենալ:  Սակայն ի  տարբերություն շուբիզնեսյան աղմկոտ ու սկանդալային բաժանումների, այս երկուսին միշտ հաջողվում է հարաբերություններին վերջ դնել նախ՝ առաջինը, և հետո՝ անաղմուկ ու բարի-դրացիական տրամադրությամբ:  Սոսն էլ Ջասթինի պես հաճախակի է շոկի ենթարկում իր երկրպագուներին՝ սոցցանցերում բավականին անկեղծ ու  հանդուգն գրառումներով: Նրանք երկուսն էլ չեն սիրում սափրվել, սիրում են երկար քնել ու կամակոր են: Բայց և այնպես, այս ամենը չի խանգարում նրանց տարիներ շարունակ մնալ ամենցանկալի փեսացուների շարքում: 

Ռազմիկ Ամյան - Ալեքսեյ  Չումակով

Եվ նորից հայկական արյուն: Չումակովը մեկ անգամ չէ, որ նշել է իր մայրական կողմի գեների մասին: Ավելին՝ նա հպարտանում է իր հայակական ծագմամբ: Չումակովը ներկա դրությամբ ռուսական շոու-բիզնեսի այն եզակի աստղերից է, որին սիրում, հարգում, գնահատում ու երկրպագում են որպես տղամարդ՝ բառիս բուն իմաստով: Նա առնական է, կնամեծար ու համաձայնեք՝ շատ գեղեցիկ տղամարդ, ճիշտ այնպես, ինչպիսին Ռազմիկ Ամյանն է: Այս երկու աստղերին կապող ևս մեկ մեծ նմանություն կա: Նրանք երկուսն էլ հիմնականում երգում են իրենց հեղինակային երգերը: Ասել է թե՝ լավ գիտեն ինչ երգել, որպեսզի  երգի ամեն նոտան կպնի այն լսող կանացի սրտի ամենանուրբ լարերին: 

Սոֆի Մխեյան - Նյուշա

Նրանց  ամենահաճախ տրվող հարցն է. ՛՛պի՞րսինգ է, թե՞ խալ՛՛… Այո, նրանք երկուս էլ իրենց դեմքի վրա ունեն շատ գեղեցիկ խալեր, որոնք հաճախ պիրսինգի հետ են շփոթում:  Այս երկու գեղեցիկ, բայց  և միաժամանակ ՛՛տղայական՛՛ թեթև ակցենտով  ոճի տեր երգչուհիները երգում են գրեթե նույն ոճի մեջ: Նրանց հիմնական լսարանը դեռահասներն են: Դե իհարկե՝ սեր, լավատեսություն, առողջ ապրելակերպ.  թեմաներ, որոնք հետաքրքիր են հիմնականում երիտասարդությանը: Սոֆին էլ Նյուշայի նման հրաշալի պարում է,  ունի սպորտային շտկված կազմվածք ու կյանքի հանդեպ պոզիտիվ տրամադրվածություն: Այս երգչուհիներին կապող ևս մի բան կա. Նրանց կարիերայի կայացման սկզբնական փուլում բոլորը աղջիկների  հաջողությունները վերագրվում էին նրանց հայտնի ու գործունյա հայրիկներին: Սակայն ժամանակն անցավ, ու բոլորը հասկացան, որ աղջիկներն իսկապես ունեն իրենց ուրույն տեղը երգարվեստի բեմում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել