Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պնդեց, թե մամուլի հրապարակումները, թե մարզպետարանն Արցախի համար հավաքված գումարներն օգտագործել է Հրազդանի ընտրությունների ընտրակաշառքների համար, չեն համապատասխանում իրականությանը:

«Մեզ մոտ նախ ընտրակաշառք չի եղել, հետո էլ ո՞վ կարող է նման բան անել, Արցախի մեկ լուման ուտել, դա բարոյական մարդու արա՞րք է, հայ կոչվելու իրավունք ունի՞այդ մարդը»,-ասաց նա:

Գուլոյանն անդրադարձավ Գառնու բնակիչների պահանջին և նշեց, թե Կառավարության ղեկավարը եկավ, իր դիրքորոշումը հայտնեց, որոշումը կայացրեց, և ինքն էլ պարտավոր է ինչ որոշում կայացվել է՝ կատարի: Նշենք, որ վարչապետը համաձայնեց չեղարկել Ազատ գետի ջրերն Արարատի մարզի գյուղերի դաշտերը ոռոգելու ծրագիրը:

Իսկ թե ինչու մինչ այդ գառնեցիների խնդրին ականջալուր չի եղել և փորձել է ծրագրի դեմ պայքարել՝ Գուլոյանն ասաց, որ ծրագիրը ոչ մի կապ չունի մարզպետարանի հետ, բայց պնդեց, թե ինքը ևս հանդիպել էր գառնեցիների հետ, նարցն խնդիրը հասցրել համապատասխան մարմիններին:

Հարցին, թե Կոտայքի մարզպետարանը ևս կմիանա վարչապետի հանձնարարականին և կրճատումների կգնան՝ մարզպետը պատասխանեց, թե ոչ մի հանձնարարական դեռևս չունեն: Ըստ նրա՝ մարզում 8 ծառայողական մեքենա կա, և եթե վարչապետի հանձնարարականը լինի, ուրեմն, կկրճատեն նաև դրանց թիվը:

«Կարևորը կարևոր է, ուղղակի եթե հիմա հանձնարարություն կա, ֆինանսական խնդիրներ կան, ընդհանուր հանրապետությունով մեկ, որ պետք է բոլորս միասին այդ հարցերը լուծենք,  ի՞նչ է հո ինձ չեն առանձնացնելու»,-շեշտեց մարզպետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել