«Աբելի քույրը» հեռուստասերիալի դերասանուհի Յուլյա Ֆինկն այս փուլում դերասանական կարիերային զուգահեռ ոչ միայն «Բարի լույս» ծրագրի «Խոհանոցն» է վարում, այլև օր օրի զարգացնում է իր հոբբին, որն է՝ զարդեր պատրաստելը։ Հենց այս մասին էլ Blognews-ը զրուցել է դերասանուհու հետ։

Յուլյայի հոբբին վաղուց դարձել է մշտական զբաղմունք, ինչ-որ չափով նույնիսկ եկամուտի աղբյուր։ Այս հարցում նրան շատ է օգնում ամուսինը՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանը։

«Երկար տարիներ է,  ինչ զարդեր պարաստելն ինձ համար հոբբի է։ Երևի մոտ 8 տարի առաջ պատրաստում էի զարդեր, հետո թողեցի այդ զբաղմունքը, մոտ 3 տարի առաջ վերսկսեցի։ Սկզբնական փուլում ինձ համար սիրողական զբաղմունք էր զարդեր պատրաստելը, շատ էի սիրում այդ գործընթացը։ Ընկերուհիներս խորհուրդ տվեցին ցուցադրել աշխատանքներս։ Հենց նրանց շնորհիվ էլ զարդերս տարածում գտան և հայտնվեցին մարդիկ, ովքեր ցանկացան գնել դրանք։ Նրանց շրջանակը դեռևս նեղ է, քանի որ ընկերուհիներիս շնորհիվ զարդերս տարածվում են մեր ծանոթների շրջանում»,- ասաց Յուլյան։

Դերասանուհին հոբբին եկամտի աղբյուր դարձնելու նպատակ էլ ունի․ «Դեռ մտածում եմ՝ ինչպես և որտեղ ավելի ճիշտ կլինի կազմակերպել դա»։ Ըստ նրա՝ իր զարդերի գները հասանելի են  մարդկանց համար։

Յուլյայի փոքրիկ հավաքածուների անվանումներն ուղիղ կապ ունեն թատրոնի հետ՝  «Հազար ու մի գիշեր», «Բրոշներ՝ Մակբեթ», «Անժելիկան և թագավորը» և այլն։

Դերասանուհին շեշտեց, որ զարդ պատրաստելն իր համար հենց այնպես չի լինում։ «Ինձ մոտ այնպես չէ, որ  պարտադրված նստեմ ինչ-որ զարդ պատրաստեմ։ Ես պետք է ոգեշնչվեմ։ Հնարավոր է՝ ֆիլմ դիտեմ, ինչ-որ բան նկատեմ և սկսեմ նոր զարդ պատրաստել,- ասաց դերասանուհին, ով ամուսնուն էլ է վարակել իր հոբբիով։ -Արտյոմն էլ է վարակվել ու ստեղծագործում է ինձ հետ, իրեն դուր է գալիս այդ գործընթացը։ Նա ինձ շատ է օգնում դիզայներական, ինչպես նաև՝ նյութեր ձեռք բերելու հարցերում։  Հայաստանում մի քիչ բարդ է տարբեր նյութեր գտնելը, մենք հաճախ մի շարք խանութեր ենք գնում ինչ-որ բան գտնելու համար»։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել