Մայիսի 23-ի ուժգին քամին բոլորովին էլ անսպասելի չէր, ինչպես այդ մասին եղել են հրապարակումներ մի շարք լրատվական կայքերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ միաժամանակ նշելով, որ մայիսի 19-ին մի շարք կայքերում, ինչպես նաև՝ ԱԻՆ-ի կայքում հրապարակվել է, որ հաջորդ հզոր ցիկլոնը մոտենալու է մայիսի 23-ին:


«Քամու այս տեսակը մեր գիտության մեջ կոչվում է փոթորկանք, այն շարժվում է ուղղահայաց առանցքի և հորիզոնական առանցքի հատման կետերում և շատ հաճախ վեր է ածվում պտտահողմի:

Ավերածությունները, որ եղան՝ տանիքների պոկում, ծառերի կոտրում, պայմանավորված էր առանձին հատվածում եղած պտտահողմով»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Օդերևութաբանն ասաց, որ ամենամեծ պոռթկումը եղել է Երևանի Դավթաշեն համայնքում՝ 25 մ/վ արագությամբ, ապա՝ Աշտարակում: Ուժեղ քամի է գրանցվել Գավառի Սարուխան գյուղում:

«Երեկ մի շարք հյուղերում կարկուտ է տեղացել: Հակակարկտային 458 կայաններից կատարվել է 174 710 կրակոց կարկտային ամպերի վրա: Սակայն, անկախ կրակոցներից, քանի որ գերհզոր ամպ էր, Արմավիրի մարզի Արգինա, Արմավիր և մի շարք համայնքներում, Տավուշի մարզի Տանձուտ, Այգեպար և այլ  համայնքներում տեղացել է կարկուտ: Այսօր կարկուտ է տեղացել նաև Արարատի մարզի մի քանի գյուղերում»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով նաև, որ երեկ արտառոց դեպք է եղել Գյումրիի հատվածում, և ըստ նրա, հնարավոր է հզոր տոռնադո լիներ, սակայն, բարեբախտաբար, ամպը բեռնաթափվել է և տոռնադո չի եղել:

Օդերևութաբանի հաղորդմամբ՝ վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը, այն կտեղափոխվի դեպի արևելք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել