Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում 2015թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարցրեց, թե ինչու են իրենց պատգամավորների նախագիծը մերժում, երբ  առաջարկվում  են ոստիկանության արտաբյուջեն բերեն բյուջե, այն դեպքում, երբ հայտարարվել է կոռուպցիայի դեմ «սրբազան» պայքար: Նշենք, որ արտաբյուջեն հիմնականում ձևավորվում է արագաչափերի տուգանքներից:

«Այսինքն, մենք ունենք բյուջե և «դաբլ» բյուջե, քավ լիցի, ես որևէ  մեկին  անկեղծ մղումներին չեմ կասկածում արտաբյուջեն ծախսելու վերաբերյալ, բայց եթե ուզում ենք իսկապես կանոնակարգել ու ունենալ  լիարժեք վերահսկողություն, իմ համար հասկանալի չէ՝ ինչու է կառավարությունը բացասական  եզրակացություն տվել այդ նախագծին»,-ասաց նա :

Զոհրաբյանի հաջորդ հարցը վերաբերում էր վարչապետի՝ ԾԻԳ-երում և ՊՈԱԿ-ներում տեղի ունեցող խնդիրների մասին հայտարարությանը: «Առաջարկել եմ այդ ԾԻԳ-երում, որտեղ աշխատավարձերը սկսում են 500 000-ից մինչև անսահմանություն, հանել անուն ազգանուններ, եթե մենք այնտեղ պատահական մարդիկ գտնենք, կարող եմ ձեզ հետ վիճել, բոլորս էլ գիտենք՝ ինչպես են մրցույթներն անցկացվում»,-ասաց նա և նշեց, թե Օքսֆորդի, Հարվարդի ավարտած երիտասարդները, եթե չունեն ծանոթ, կարող է և չանցնեն:

Դավիթ Հարությունյանն ասաց, թե դեռևս կոռուպցիայի դեմ տարվող պատերազմը չի ավարտվել և պետք է մղեն միասին: «Եթե հարցը հետաքրքրում է, կարծում եմ քառօրյային հարցուպատասխանին կարող եք դիմել կառավարությանը »,-խորհուրդ տվեց նա:


Ինչ վերաբերում է ԾԻԳ-երին ու ՊՈԱԿ-ներին, ապա այստեղ Հարությունյանն այլ տեսակետի էր:

Ըստ նրա՝ ծիգերը վարկային ծրագրերի շրջանակներում են ստեղծվում, և ներկայացված թվերը ոչ թե Կառավարության վարկային փաստաթղթերում են, այլ միջազգային վարկային փաստաթղթերում: «Առանց նրանց մասնակցության մրցույթները և նրանց համաձայնության թեկնածուների հետ կապված գործընթացներն առաջ չեն գնում»,-ասաց նախարարը և հավելեց, թե ցածր կրթական ցենզ ունեցողները չեն կարող ընդգրկվել այդ ծրագրերում: 


Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին համակարծիք չէր նախարարի հետ: «Գիտենք, թե մրցույթից առաջ տվյալ ԾԻԳ-ում ով է հաղթելու: Նաստրադամուսը չենք, որ դա գիտենք, ոչ էլ երազ ենք տեսնում գիշերը, կա տեղեկատվություն, որ այսքանը դիմել են, բայց մի չարչարվեք, այս մեկը կանցնի, իսկ այն, ով անցնում է, նրա IQ-ն բավարարում է հազիվ սովորական սուրճը լուծվող սուրճից տարբերելը, ես դա կարող եմ փաստերով ու կոնկրետ օրինակներով ապացուցել»,-ասաց նա:


Դավիթ Հարությունյանը նշեց, թե չի կարծում, որ ելույթն իր կողմից արձագանքի պահանջ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել