Այս նյութն արդեն պատրաստ էր հրապարակման, բայց ես որոշեցի այն հետ կանչել և ձեզ հետ կիսվել մի քանի անկեղծ մտորումներով: Սկսենք նախապատմությունից. «Հանուն հոր և որդու» վավերագրական շարքի այս հրապարակման հերոսը ապրիլի 30-ին Մատաղիսի դիրքերում զոհված Վազգեն Հարությունյանի 13-ամյա որդին է. մյուս որդին չի խոսում, տառապում է մանկական կաթվածով (DCP): Ազնիվ ասած՝ ես այսպիսի զգայուն խնդիրներով մարդկանց, սովորաբար, որպես լրագրող չէ, որ այցելում եմ ու, որպես կանոն, այդ այցելություններից երբեք լրագրողական նյութեր չեմ կորզում: Սակայն, զոհված հերոսի փոքր տղան՝ Ալեքսանդրը, ուղղակի ցնցեց, քանդեց ինձ, և ես սա խոստովանեցի իմ ֆեյսբուքյան էջում՝ այդ խոստովանությանը կցելով իմ ու նրա զրույցից մի պատառիկ: Եվ այդտեղ էր, որ կատարվեց աննախադեպ մի բան, ուղղակի հրաշք. հարյուր հազարավոր մարդիկ միանգամից դիտեցին այդ տեսանյութը, հազարավորները կիսվեցին իրենց էջերում, նամակների ու մեկնաբանությունների մի այնպիսի տեղատարափ սկսվեց, որոնց անգամ 24-ժամյա ռեժիմով պատասխանելու դեպքում շաբաթներ կպահանջվեր: Զգացողություն էր, որ միանգամից պոռթկացել է հայկական համահավաք խիղճը. մարդիկ իրենց զորակցությունը, հանգանակությունն էին առաջարկում, պահանջում էին Հարությունյանների տան հասցեն, հաշվեհամարը, իսկ առանձիններն ինձ հորդորում էին շտապ մի հաշվեհամար բացել և համակարգել դրամական հոսքերը: Կարծում եմ չեք հիասթափվի, եթե ես միանգամից հրաժարվեմ այդ առաքելությունից, փաստարկելով , որ լրագրողական էթիկան ինձ առնվազն թույլ չի տալիս մխրճվել այսօրինակ գործերի մեջ, հետո էլ Հարությունյաններն ունեն հարազատներ, որոնք , ոչ միայն չեն հրաժարվել ստանձնել այս խիստ պատասխանատու աշխատանքը, այլև առանձինները ջանում են հենց իրենց վերահսկողության տակ առնել դրամական ամբողջ շրջանառությունը: Այդ հեռահար նպատակի համար կանգ չառնելով ամուսնուն կորցած կնոջ մասին հերյուրանքներ տարածելու և անգամ որդուն մոր դեմ լարելու ստորագույն կրքերից: Ուստի ընթերցողներին կխնդրեի այս երեխաներին օժանդակելու համար օգտվել բացառապես նրանց մոր՝ Անուշ Տոնոյանի հաշվեհամարից և ձեռնպահ մնալ այլ «բարեգործների» գումար տրամադրելուց:

Արցախբանկ. հաշվեհամար 22300021402100. ստացող Տոնյան Անուշ Բորիսի
Հեռախոս՝ բջջ. 097342181
Տուն 047733061

Հ.Գ. -1 Հավատացեք, շատ երկար հետաքննեցի ընտանեկան այս թնջուկն այսպիսի առաջարկ անելու համար: Այդ ո՞վ է, որ մորից ավելի սրտացավ ու նպատակային կարող է տնօրինել իր զավակներին հատկացվելիք օգնությունը և մանավանդ՝ մսխել իր հիվանդ երեխայի հասանելիքը: Սա արդեն խելագարության կանխավարկածն է, որը, կներեք, քննարկման ենթակա չէ:

Հ.Գ.-2 Մտքիցս մեկ րոպե անգամ չի հեռանում այս փոքրիկ տղամարդու դեմքը և մանավանդ նրա այս խոսքերը՝ «Արխային կաց, հենա խոզը ուզում ա ծնի, էդ որ ծնեց, մեզ բոլ ա էլի, ձագերը շուտ մարուն են դառնալու, հավի ճտերն էլ ավելացնելու եմ, ձուն հենա կրակի գին ա, ափսոս, որ էն ճագարներն էլ հիվանդացան ձեռքիցս գնացին, թե չէ պարտքացուցակից հիմա բան չէի թողել»:
Ամբողջական նյութը քիչ անց՝ ժամը 22.00-ին tert.am-ում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել