«Հին ընկերիների» խորհրդարանական բլոկի «պապան» վերջին մի քանի օրերին «սեզոնային» ակտիվացումներ է ունեցել: Հաճախ համեստ պահվածքով աչքի ընկնող Արմեն Ռուստամյանը երբեմն հրաբխային «ժայթքումներ» է ունենում և «ազգընտիրի» շորերը հագած փորձում է հայտնվել հեռուստաընկերությունների եթերում: Վերջին բոցկլտման առիթը կապված էր ՀՀ կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանի հայտարարության հետ, ըստ որի, երկրում պետք է լուրջ փոփոխություններ սկսվեն մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ ծախսերի համատարած կրճատման լուրջ գործընթաց:

Ա.Ռուստամյանն այս առիթով նշել է. «Որպեսզի հասարակության մոտ վստահություն առաջանա, որ հակակոռուպցիոն պայքարն իրական է, պետք է անկախ, ինքնուրույն մարմին ձևավորել, որը կպայքարի մենաշնորհի, կոռուպցիայի դեմ: Մենք հստակ ասել ենք, որ հակակոռուպցիոն պայքարի մարմինը պետք է բաղկացած լինի հավասար երեք մասերից՝ իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն: Բայց ղեկավարումը պետք է տրվի ընդդիմությանը: Եթե վարչապետը ղեկավարի, դա չի կարող վստահություն առաջացնել»:

Հիշեցման կարգով նշենք, որ այս տարվա փետրվարի 24-ին ստորագրված համաձայնագրի համաձայն՝ ՀՅԴ-ն իշխող ՀՀԿ-ի հետ իրականացնում է ՀՀ պետական կառավարումը, և հավասարապես պատասխանատու է և՛ ձեռքբերումների և՛ սխալների համար: Դիցուք հավատացինք, որ իշխանության մաս եք, թե միայն խոսքով են հին ընկերները «երկիրը առաջ տանում», իսկ ժողովրդին հաճոյանալու համար ստեպ-ստեպ «քլնգողի» կոստյում հագնում:

Եթե կողքից նայես 200 տարեկան ուժի գաղափարակրին, այնպիսի տպավորություն կստեղծվի, թե խոսում է ինչ-որ ԵՄ պատվիրակության անդամ ու ՀՀ իշխանությունների հետ բացարձակապես կապ չունեցող մի անհատ:
Հավանաբար «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» արտահայտությունն այս դեպքի մասին է, այլապես, եթե չեն ընդունում գործող համակարգը և տարվող քաղաքական կուրսը՝ պետք է մշտապես քննադատել, ոչ թե մի քանի պաշտոն ստանալով լռել ու ասել՝ երկրում ամեն ինչ չէ, որ լավ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել