Tert.am-ը գրում է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպման ժամանակ։ Իր խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է.«Ռիգայի գագաթաժողովը նաև վերահաստատեց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հինգ հայտարարությունների վրա: Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ։
 
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։
 
Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։
 
Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել