Գրիգոր Կյոկչյանի հեղինակային երեկոյի ժամանակ առաջին անգամ հնչեց «Զինվոր» երգը, որը շատ բուռն ընդունվեց հանդիսատեսի կողմից։ Նրանք այն կատարեցին Արթուր Գրիգորյանի նվագակցությամբ, վերջինս նշեց, որ երգում զինվորի մոր և զինվորի խոսքն է, այս դեպքում՝ Սոնան զինվորի մայրն է, Գրիգորը՝ զինվորը։

Երգի հեղինակ Գրիգոր Կյոկչյանը Blognews-ի հետ զրույցում նշեց, որ այս շրջանում սա իր գրած վերջին երգն է։ «Այս ստեղծագործությունը գրել եմ ապրիլյան իրադարձությունների ազդեցությամբ։ Ինձ համար շատ հուզական երգ էր»,- ասաց երգիչը։

Սոնան էլ նշեց, որ Գրիգորն իրեն առաջարկել է երգել ապրիլյան դեպքերի մասին գրած ստեղծագործությունը, այն զուգերգով ներկայացնելու որոշումն ավելի ուշ է կայացվել։ «Նա իր խոսքերի միջոցով ցույց էր տվել իր ցավը։ Ինձ ասաց՝ Սոն ջան, շատ սիրուն երգ է ու առաջարկեց երգել։ Սիրով համաձայնեցի։ Հետո հասկացանք, որ խոսքեն ավելի շատ զուգերգի են համապատասխան, չենք կարող փոխել դա, որոշվեց, որ միասին կերգենք՝ ես զինվորի մայրը կլինեմ, նա՝ զինվորը»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ 1 օրում է սովորել երգը։

Նա նկատեց, որ փորձերի ժամանակ էլ շատ էր հուզվել ու նույնիսկ արտասվել։ «Դեռ չգիտեմ՝ երգը տեսահոլովակ կունենա՞, թե՞ ոչ։ Սա այն երգն է, որը եթե տեսահոլովակ էլ չունենա, շատ կսիրեն, կլսեն, կհուզվեն, սակայն, իհարկե, շատ կցանկանամ, որ տեսահոլովակ էլ լինի»,- եզրափակեց երգչուհին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել