Վիրավորանքը փոքրիկ գազանիկ է՝ արտաքնապես բոլորովին անվնաս: Ճիշտ վերաբերմունքի դեպքում ոչ մի տհաճություն չի պատճառի:

Եթե չփորձենք նրան դարձնել տնային կենդանի, նա կարող է հրաշալի ապրել ազատության մեջ և ոչ ոքի ձեռք չտալ:

Բայց նրան տիրանալու բոլոր փորձերը տխուր ավարտ են ունենում…

Այդ փոքրիկ ու աշխույժ գազանիկը կարող է պատահաբար ընկնել ցանկացած մարդու մարմնի մեջ: Մարդը դա անմիջապես զգում է և… վիրավորվում:

Գազանիկը սկսում է գոռալ. «Ես պատահաբա´ր եմ այստեղ հայտնվել, բա´ց թող ինձ:

Այստեղ մութ է, և ես վախենում եմ: Բա´ց թող»: Բայց մարդիկ վաղուց դադարել են հասկանալ կենդանիների լեզուն:

Կան այնպիսի մարդիկ, որոնք միանգամից բաց են թողնում գազանիկին՝ վիրավորանքին, քանի դեռ այն փոքրիկ է. դա լավագույն ժամանակն է նրան հրաժեշտ տալու:

Բայց կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր ոչ մի դեպքում չեն ցանկանում բաց թողնել նրան: Նրանք միանգամից գազանիկին իրենցն են համարում և սկսում են հոգ տանել նրա մասին ինքնամոռաց: Ամեն վայրկյան մտածում են նրա մասին, բայց նրան, միևնույնն է, դուր չի գալիս մարդու մարմնի մեջ մնալը:

Փոքրիկ վիրավորանքը պտտվում է, ելք է փնտրում, բայց քանի որ նրա տեսողությունը վատ է, չի կարողանում գտնել դուրս գալու ճանապարհը: Իսկ մարդն էլ չի խղճում նրան, բաց չի թողնում:

Գազանիկը սովածանում է, ուտել է ուզում և սկսում է կամաց-կամաց ուտել այն, ինչ գտնում է: Մարդը դա նույնպես զգում է, բայց միևնույնն է, բաց չի թողնում, քանի որ արդեն վարժվել է նրան: Եվ գազանիկն ուտում է ու մեծանում. բավական է մարդու ներսում որևէ լավ բան գտնի, որևէ համով բան, միանգամից ուտում է: Այդպես էլ ասում են. «Վիրավորանքը ներսից ուտում է, կամ՝ ներսից կրծում է»:

Ի վերջո, մեծանում, մեծանում է այն մարդու մարմնի մեջ և, հակառակ իր կամքի, դառնում մարդու մարմնի մի մասը: Թուլանում է մարդը, նեղվում, իսկ վիրավորանքը շարունակում է աճել ու մեծանալ:

Մարդը գլխի էլ արդեն չի ընկնում, որ իրեն ընդամենը պետք է բա´ց թողնել վիրավորանքին ու վե´րջ: Եվ վիրավորանքի´ն է լավ առանց մարդու, և մարդո´ւն է լավ առանց վիրավորանքի:

Հ.Գ. Վիրավորանքը հոգեվիճակ է: Իրականում մենք ինքներս ենք որոշում` լինե՞լ վիրավորված, թե՞ ոչ: Եվ երբ հերթական անգամ դուք ցանկանաք վիրավորվել, մտածեք. արդյոք այդքան հաճելի՞ է խղճալ ինքներդ ձեզ: Բա´ց թողեք վիրավորանքին, թող իր համար վազվզի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել