Գառնի համայնքի բնակիչներն այսօր կրկին՝ արդեն վեցերորդ անգամ փակել են Գառնի-Երևան ավտոճանապարհը:

Քիչ առաջ Գառնի-Երևան ավտոճանապարհը փակած գյուղացիների մոտ եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի, տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանի ուղեկցությամբ: tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ իրավիճակը բավական լարված է, գյուղացիները շրջապատել են պաշտոնյաներին, վանկարկում են՝ «չեղարկում», չեն թողնում գործադիր մարմնի ղեկավարին ու նախարարներին առաջանալ դեպի մարզպետարան: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ գառնեցիները շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:
 


Նրանք շարունակում են պահանջել չեղյալ համարել Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման ծրագիրը և տեխնիկան դուրս բերել Ազատ գետի կիրճից:


Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ գյուղացիները պահանջում են անձամբ վարչապետը ներկայանա ու պատասխանի իրենց հարցերին:


Երեկ, երբ Գառնիի բնակիչները նույն պահանջով փակել էին փողոցը, Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը խոստացել էր, որ վարչապետը կհանդիպի գյուղացիների հետ, սակայն այսօր նրա բացակայությունը պատճառաբանեց Հայաստանում ընթացող ԵՏՄ նախարարների նիստով: Մարզպետն առաջարկեց խումբ կազմել և գնալ վարչապետի մոտ, բայց գյուղացիները հրաժարվեցին՝ նշելով, որ իշխանությունները գան, քանի որ կոչված են  ծառայելու ժողովրդին:


Գառնիի բնակիչներն ասում են, ծրագրով նախատեսվում է Ազատ գետի ջուրը տեղափոխել Արարատի մարզի 12 գյուղեր, որտեղ, ըստ գառնեցիների, մի շարք պաշտոնյաների պատկանող այգիներն են:


Գառնեցիները պատմել են, որ երեք օր է արդեն Ազատ գետի կիրճում վերսկսվել են շինաշխատանքներ, ավելի մեծ թափով և նախկին 3 տեխնիկայի փոխարեն այժմ այնտեղ աշխատում է 6 տեխնիկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել