Tert.am-ը գրում է.

Քաղաքացիական ավիացիայի անվտանգության հետաքննության և վերլուծության ֆրանսիական բյուրոյի (BEA) փորձագետները հաստատել են լրատվամիջոցների տեղեկությունն այն մասին, որ Միջերկրական ծովն ընկած EgyptAir ավիաընկերության ինքնաթիռում ծուխ է գրանցվել, հայտնում է BFM TV-ն:

Նշվում է, որ BEA-ն հաստատում է տվյալներն այն մասին, որ անձնակազմի խցիկի մոտ ծուխ է եղել: Նաև վկայակոչվում են The Wall Street Journal-ի տվյալներն այն մասին, որ ծուխը տեղի է ունեցել զուգարանում, որը գտնվում է ինքնաթիռի կառավարման սենյակի մոտ:

Թերթը նշում է, որ այնտեղ գտնվում են ինքնաթիռի համակարգչային մասի կարևոր հատվածները, որոնք կարող էին դադարել գործել հրդեհաշիջման համակարգը միացնելու դեպքում:

Ընդ որում՝ առկա տվյալները բավարար չեն պնդելու համար, որ ինքնաթիռում ահաբեկչություն է տեղի ունեցել։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ EgyptAir ավիաընկերության MS804 չվերթի ինքնաթիռում աղետից րոպեներ առաջ ծուխ է գրանցվել։

Առցանց հրապարակված թռիչքի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը ծխի հայտնաբերման մասին ազդանշան է փոխանցել Միջերկրական ծովն ընկնելուց րոպեներ առաջ:

Հիշեցնենք, որ Փարիզից Կահիրե թռչող EgyptAir ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարների էկրաններից լույս մայիսի 19-ին՝ Եգիպտոսի ափերից մոտ 280 կիլոմետր հեռավորության վրա: A320-ում եղել է 56 ուղևոր և անձնակազմի տասը անդամ: Ինքնաթիռը դուրս է եկել Շառլ Դը Գոլի անվան օդանավակայանից:

Միջերկրական ծովում հայտնաբերվել են EgyptAir ավիաընկերության անհետացած ինքնաթիռի բեկորները։ Դրանք հայտնաբերել են Եգիպտոսի զինված ուժերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել