Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ֆիլմ է նկարահանել 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին։ Հրանտ Թոխատյանի, Միքայել Պողոսյանի, Սոս Ջանիբեկյանի, Տաթև Հովակիմյանի, Արսեն Գրիգորյանի, Մարջան Ավետիսյանի, Սարգիս Գրիգորյանի, Կոնստանտին Լավրոնենկոյի, Մարիա Միրոնովայի, Դանիիլ Իզոտովի, Արտյոմ Բիստրովի, Սաբինա Ահմեդովայի, Վիկտոր Ստեփանյանի, Միքայել Ջանիբեկյանի, Արմեն Մարկարյանի, Իրինա Բեզրուկովայի, Հասմիկ Ալեքսանյանի, Արևիկ Մարտիրոսյանի, Միքայել Արամյանի, Վրույր Հարությունյանի, Սեբաստյան Կիսակ և այլոց մասնակցությամբ «Երկրաշարժ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա տարեվերջին։ Այն կինովարձույթում կհայտնվի 2016-ի դեկտեմբերից: Հայաստանյան պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 17-ին:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են՝ Սերգեյ Յուդակովը, Ալեքսեյ Գրավիցկին, Արսեն Դանիելյանն ու Հրանտ Բարսեղյանը, պրոդյուսերները՝ Ռուբեն Դիշդիշյանը, Արամ Մովսեսյանն ու Ղևոնդ Անդրեասյանը։ Հայկական կինոշուկայում «Երկրաշարժ»  ֆիլմի պրոդյուսերական աշխատանքները ստանձնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը:  

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են շուրջ 2 տարի: Նկարահանումները սկսվել էին 2015-ի հոկտեմբերից, տևել են 41 օր: Աշխատանքները կատարվել են Ռուսաստանում և Հայաստանում: Գյումրիում նկարահանվող մասսայական տեսարաններին մասնակցել են հենց գյումրեցիները:

1988-ի երկրաշարժն ընդգրկել էր ՀՀ տարածքի մոտ 40%-ը: Տուժել էր 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, այդ թվում՝ Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները: Անօթևան մնաց կես միլիոնից ավելի մարդ: Զոհերի թիվը հասավ  25 հազարի, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ: «Երկրաշարժ» ֆիլմում աղետի իրադարձությունների ֆոնին ծավալվում է երկու հերոսի պատմություն: Ճակատագրի հեգնանքով հանդիպում են 45-ամյա Կոնստանտին Բերեժնին և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանը, բայց… ոչ առաջին անգամ: Շատ տարիներ առաջ Բերեժնու մեղքով տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անց է կացրել բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտին որդեգրել են բարեկամները: Հանգամանքների բերումով Բերեժնին վերադառնում է տուն հենց երկրաշարժի օրը, նրան սպասում են կինը, դուստրը, որդին... և  Ռոբերտը, ով Կոնստանտինին այդպես էլ չէր ներել ծնողների մահվան համար: Ճակատագրի բերումով հերոսները հայտնվում են միևնույն փրկարարական թիմում, սակայն միմյանց միանգամից չեն ճանաչում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել