Մայիսի 25-ին էկրաններ կբարձրանա «Փորձաշրջան» ֆիլմը, որը սիրային կատակերգություն է Գրիշա Աղախանյանի, Թամարա Պետրոսյանի, Արտաշես Մխիթարյան, Անժելա Սարգսյանի մասնակցությամբ, վերջինս BlogNews.am-ի զրույցում պատմել է դերի և առաջարկի մասին:
«Առաջարկը ստացել եմ իմ կոլեգաների կողմից, ովքեր ինձ հենց այդ դերի համար էլ կանչում էին, քանի որ ասում էին՝ այդ դերը հենց քոնն է: Ֆիլմում Գրիշա Աղախանյանի կինն եմ: Նա ինձ համար բացահայտում էր, հրաշալի խաղընկեր, ես շատ սիրեցի նրա մարդ տեսակն, ամեն դեպքում պինգ-պոնգ խաղալը նրա հետ լավ էր ստացվում: Ես և Գրիշան բավականին արագ մերվեցինք իրար հետ, քանի որ թե ես և թե նա բնույթով շփվող ենք»:
«Ֆիլմի ռեժիսորը՝ Քաջայրը և տնօրեն Նունեն, ինձ վաղուց էին ճանաչում և ցանկանում էին որ ես զբաղված լինեմ այս ֆիլմում: Իմ ժամանակը բավականին սուղ էր և ժամանակ չունեի ավելի առաջնային դեր կերտելու, այնպես ստացվեց որ ԱՄՆ էի մեկնում մեկ ամսով, իսկ նրանք ֆիլմը պետք է ավարտեին այդ ընթացքում»:
Անժելայի տեսարանները նկարահանվել են երեք-չորս օրում, իսկ ֆիլմում նկարահանվելու համար արտաքնային փոփոխության չի դիմել. «Ֆիլմի ստեղծագործական կազմը ինձ հենց այս տեսքով էլ պատկերացնում էր»:
Ըստ Անժելայի ժամանցային ֆիլմերը հիմա շատ-շատ են, իսկ դա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ցանկանում են իրենց ներդրած գումարները հետ աշխատել. «Իհարկե ժամանցային ֆիլմերով չես կարող հասարակություն կրթել, ցավոք փառատոնային խորը և ճիշտ ասելիքով ֆիլմեր հիմա չեն նկարվում, քանի որ մարդիկ վախենում են, որ կարող է հանդիսատես չունենան, եթե նկարահանվում էլ են, ապա շատ ցածր բյուջեով: Ես վերջերս նկարահանվել եմ Վիգեն Չալդրանյանի արվեստանոցն ավատրած Սևակ Մանգուշյանի հեղինակային «Լիճը» կարճամետրաժ ֆիլմում: Այդ ֆիլմում նկարահանվելը միայն հաճույք էր ինձ համար»:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի