Մեր երկրում աննորմալի, նորմալի և լավի իմաստային սահմանները թյուրըմբռնված են։ Այն ինչ նորմալ է, մարդիկ համարում են լավ։ Ինչպես, օրինակ, աննախադեպ լավ են համարում ծառայողական մեքենաների կրճատումը 800-ով։ Եթե լսենք այս կրճատումով ոգևորված մարդկանց, ապա նորմալ էր, որ երկրում, որտեղ ազգաբնակչության կեսից ավելին ապրում է աղքատության մեջ, և երեխաների 19 տոկոսը թերսնված է, 1070 ծառայողական մեքենա կա, իսկ հիմա դրանց թիվը կրճատվել է՝ լավ է։
Ընդհանրապես նկատե՞լ եք, թե ամեն նմանօրինակ քայլ ինչպես են փորձում հասարակությանը՝ որպես բարեփոխում մատուցել։ Այսինքն, ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, որոնց վճարած հարկերով այս ամբողջ ընթացքում վատ աշխատող վարչության պետերը, նրանց տեղակալները, տեղակալների տեղակալները, չգիտես՝ որ արժանիքի համար, ներկայացուցչական մեքենաներից են օգտվել, պետք է խորապես երախտապարտ լինենք, որ պետությունը վերջապես որոշել է անցնել իր պարտավորություններին և խնայել հարկատուների միջոցները։
Բայց եթե մեր կառավարությունն իսկապես որոշել է աննորմալից նորմալ գործելաոճի անցնել, ապա միայն ծառայողական մեքենաների կրճատմամբ պետական միջոցները չեն խնայվի, և խոսքը միայն հարկատուների միջոցների նկատմամբ անփույթ վերաբերմունքի, անպատակային ծախսերի՝ արծաթյա բաժակների, թանկարաժեք գործուղղումների մասին չէ, այլ ընդամենը պետական բյուջեի մսխումներին վերջ տալու մասին։
Դուք տեսե՞լ եք՝ ինչ հաստատուն քայլերով է աճում մեր պետական պարտքը։ Վստահ եմ ձեզ նաև հետաքրքիր է, թե ուր են ուղղվել այն միջազգային տարբեր կազմակերպություններից բաձր տոկոսադրույքներով վարկային միջոցները, եթե մեր երկրում այս ընթացում ճանապարների վիճակը շարունակել է մնալ անմխիթար, ՓՄՁ-ները չեն զարգացել, մեր կրթությունն ավելի լավը չի դարձել։ Այսինքն մենք հարկատուներս սպասարկում ենք արտաքին պարտքը, որը որևէ կերպ մեր կյանքը դեպի լավը չի փոխել։
Կարճ ասած՝ պետական կառավարման համակարգում խնդիրների ծայրը չի երևում, իսկ ծառայողական մեքենաների կրճատումը ընդամենը կաթիլ է օվկիանոսում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել