Baregorcutyun

Վերջին շրջանում, կապված Ապրիլյան իրադարձությունների հետ, Հայության կրակը կարծես սկսեց բորբոքվել երկարամյա մոխիրների տակից: Հայաստանի անբաժանելի մաս Արցախին տարատեսակ օգնություններ տրամադրելուց զատ առաջ եկավ նաև զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցելու դրսևորումներ:

Գիտենք, որ ժողովուրդը քաղաքակրթելու գործում թե՛ իշխանությունները, թե՛մտավորականությունը իրենց տեղում չեն, ուստի նման երևույթները հիմնականում դրսևորվում են ինքնաբուխ կերպով: Իհարկե, գործունեությունն անշուշտ գովելի է, սակայն ժողովրդին ոչ ոք չի տվել այն մտայնությունը, որ, ի տարբերություն մարդկանց (մասն.` կարիքավորների) աջակցության այլ դրսևորումների, զոհված զինվորի ընտանիքին աջակցելը, որքան էլ ունի ահռելի կարևորություն, դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, մեծագործություն, այլ ընդամենը պարտքի խոր զգացումից դրդված, պարտքի չնչին փոխհատուցում միայն և ոչ ավելին:

Օրերս հեռուստաընկերություններից մեկի եթերով նկատեցի մի տեսանյութ, որտեղ մի կին հերթական աջակցությունն էր ցույց տալիս Նոյեմբերյանում երբեմնի զոհված զինծառայողների ընտանիքներին. տիկնոջ գործելավոճը կարծես թե պարկեշտ էր, արտաբերած խոսքը` օրինակելի, սակայն ցավալին այն էր, որ հեռուստաընկերության ձևավորած 4 րոպեանոց տեսանյությում ընդամնեը մեկ և կես րոպեն էր անդրադարձ թեմային, իսկ մնացած երկուս և կես րոպեները փառաբանման ձոներ էին տիկնոջ հասցեին, իսկ ամենավատն այն է, որ հատուկ խոսեցնում էին այդ մարդկանց, որպեսզի նրանք իրենց բերանով պատկառանքի խոսքեր ասեին հարգելի տիկնոջ հասցեին, թերևս միայն բանաստեղծություններն էին պակասում:

Խստորեն դատապարտելի են նման մոտեցումները, քանի որ տպավորություն է ստեղծվում, թե սխրանքը ոչ թե զինվորի կողմից իր կյանքի զոհաբերությունն է բոլորիս համար, այլ այդ զինվորի ընտանիքին այս կամ այն չափով աջակցությունը, ինչը անարգանք է թափված արյան հանդեպ:

Բնավ  մերժելի չէ դրական և բարի գործերի հիշատակումը, ցուցադրումը. մեր օրերում անհատի ինքնակայացման, ինքնադրսևորման համար  դա խթանիչ մեծ ուժ է` ինքն իրեն և այլոց բարի գործերի մղելու համար, սակայն արդեն լերդացած արյունը մեծ զսպվածություն է պահանջում:

Հասկանալի է, որ դարերով օտարի տիրապետության տակ մի կերպ գոյությունը պահպանած հասարակ մարդիկ պիտի տառապեին անլիարժեքության զգացումով, իսկ նմանը սովոր է ամեն իրեն աջակցողի մեջ մի փրկիչ տեսնել, իսկ սոցիալական-տնտեսական ծանր բեռն էլ ավելի է խոնարհեցնում նրանց գլուխը`  պատրաստի հող ստեղծելով, որպեսզի մի «բարերար» իրեն զգա իշխան և թագավոր:

Բայց գիտակցությունը մարդկանց նրա համար է տրված, որպեսզի զսպեն իրենց բնազդային ցանկությունները, այս պարագայում նման ընտանիքներին աջակցությամբ ոչ թե պետք է էլ ավելի հոգեպես խոնարհեցնել նրանց, այլ առաջացնել  իրական հպարտության զգացում  նրանց աչքերում, օգնությունը պետք է նպատակ ունենա թեթևացնել  նրանց ուսերից կախված առօրեական ծանր բեռը, որպեսզի դրանց տակ կքած գլուխները հպարտորեն բարձրանան և իրենց վսեմությամբ փարոսի պես լուսավորեն մթության մեջ գտնվող ժողովրդին: Եթե այդ ժողովուրդը աջակցության մեջ չի տեսնելու պատկառանք և պատվում այդ ընտանիքներին, այլ ընդամենը խղճահարության բարերարություն, ապա անօգուտ և անիմաստ է նման բարերարությունը, նաև մութ, որև էլ ավելի պիտի մթեցնի հասարակության գիտակցությունը

Ոչ ոք իրավունք չունի ընկած զինվորների ընտանիքներին ներկայանալ բարերարի հանդերձանքով, քանի որ այստեղ չեն կարող լինել բարերարներ, եթե կան էլ, ապա բարերարները հենց այդ զինվորներն են և իրենց ընտանիքները: Արդյո՞ք կա ավելի մեծ բարեգործություն քան սեփական որդուն հայրենիքի, ժողովրդի, պետության զոհասեղանին դնելը:  Նման ընտանիքներին մոտենալիս պահանջվում է նախ երախտիքի գլուխ խոնարհել, ապա կատարել պարտքի հատուցման արարողությունը:

Լուսանկարը՝ dasaran.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել