Տարիներ առաջ ԱՄՆ-ն հայտարարեց «Նոր Մերձավոր Արևելք» ձևավորելու մասին, և չնայած այն սկսել էր այդ նախագծի իրականացումը դեռևս 90-ականներից, սակայն դրա առավել ինտենսիվ դրսորումներին և նախագծի մաս կազմող ռազմաքաղաքական  ամենաբուռն գործընթացներին մենք ականատես դարձանք հատկապես 2010-ականներին, որոնք, եթե ոչ վերջնական, ապա գոնե մոտավոր ուրվագծեցին Մերձավոր Արևելքի այն դեմքը, որի մասին, ըստ էության, խոսում էր այն ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը։ Եվրասիական տարածաշրջանում վերջին տարիներին ծավալվող դեպքերը մեզ հուշում են, որ ԱՄՆ-ն նույնօրինակ մեխանիզմների վրա հիմնված աշխարհաքաղաքակ նախագիծ իրականացնում է նաև այս տարածաշրջանում, որի մասին, ի տարբերություն նախորդի, բացեիբաց չի հայտարարվել, բայց որն ունեցել է իր առարկայական հետևանքները։

Եվ եթե «Նոր Մերձավոր Արևելքի» նախագծի մի մաս կազմով «Արաբական գարունը» սկսեց իրագործվել 2010-ականներին, ապա ռուսական ազդեցության գոտում գտնվող եվրասիական տարածաշրջանի դեմքը Արևմուտքը սկսել էր փոխել ավելի վաղ՝ դեռևս 2004 թվականին, երբ Վրաստանում տեղի ունեցավ վարդերի հեղափոխությունը, և ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև բուֆերային գոտի համարվող երկիրը վերջնականապես դեմքով թեքվեց դեպի Արևմուտք։ Սրան հաջորդեց Ուկրաինան, որը ինչպես երբեք սեղմեց ՆԱՏՕ-ական օղակը ՌԴ-ի շուրջ։

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչու է ԱՄՆ-ի այս նախագիծը դեռևս հաջողություն ունենում։ Եթե փորձենք զուգահեռներ տանել այս երկու տարածաշրջաններում ԱՄՆ-ի որդեգրած մարտավարությունների միջև, ապա կտեսնենք, որ թե արաբական աշխարհում, և թե եվրասիական տարածաշրջանի մեր թվարկած երկրներում, Ամերիկան ուղղորդված քարոզչահոգեբանական աշխատանք է տարել այս երկրների՝ կոռումպացված ու բռնապետական իշխանություններից և սոցիալական անհավասարությունից արդարացիորեն դժգոհ շերտի հետ՝ արմատացնելով նրանց մեջ համակարգից ժամ առաջ ազատվելու անհրաժեշտությունը, ինչպես նաև միայն նոր կարգերի հաստատման դեպքում «ազատ և բարեկեցիկ ապրելու» համոզմունքը։ Առանձին քննարկման հարց է, թե արդյոք ժողովուրդները, որոնք ԱՄՆ-ի գործուն միջնորդությամբ «ազատվեցին» իրենց բռնապետերից և կոռումպացված իշխանություններից, լավ են ապրում կամ առհասարակ գոնե լավ ապրեկու հեռանկարներ ունեն, թե՝ ո՛չ։ Բայց այն, որ այս մեխանիզմը լավագույնս աշխատել է Մերձավոր Արևելքում և արդեն տևական ժամանակ է՝ աշխատում է արդեն եվրասիական տարածաշրջանում փաստ է, ընդ որում, եթե Արաբական աշխարհում ԱՄՆ-ի այս քաղաքականությունն ուղեկցվել է նաև անմիջական կամ միջնորդված ռազմական գործողություններով, ապա Եվրասիայի դեպքում ԱՄՆ-ն քարոզչական լծակներից զատ որևէ այլ գործիք բանեցնելու կարիք չի ունեցել։

Իհարկե Ռուսաստանը, հենց այնպես ձեռքերը ծալած, լուռ չի հետևում այս գործընթացներին, բայց կարծես դրանց վրա ազդելու ուժ էլ չունի։ Սիրիական հակամարտությանը ՌԴ-ի միջամտությունը հենց այդ օրինակներից է։ Դրանով ՌԴ-ն փորձեց ձախողել ԱՄՆ-ի ծրագրերն այստեղ և ցույց տալ իր բազուկները ՆԱՏՕ-ին, միաժամանակ փորձելով շահել «Արաբական գարնան» ցնցումներից դեռևս ուշքի չեկած երկրների նոր ձևավորված վարչակարգերի համակրանքը՝ նրանց իր հովանավորությունն առաջարկելու ակնկալիքով։

Սակայն Սիրիայում ՌԴ-ի աստեղային ժամը ավարտվեց։ Եվ Թուրքիայի գործուն մասնակցությամբ ու իսլամական ծայրահեղականության միջոցով ՆԱՏՕ-ն շարունակոմ է ոչ միայն դուրս մղել ՌԴ-ին աշխարհաքաղաքական կոնֆլիկտներից, այլ նաև նոր թեժ կետեր է ստեղծում է Եվրասիայում, որտեղ ՌԴ-ն իրեն համարում է միակ տերն ու տիրակալը։

Սիրիայից հետո, Արցախը, գլոբալ առումով, կարելի է համարել ՆԱՏՕ-ՌԴ առճակատման հերթական հարթակը, որտեղ ՌԴ-ն վերահսկում է միայն կողմերից մեկին՝ Հայաստանին։ Ինքնախեբությամբ են զբաղված բոլոր այն ռուս փորձագետները, որոնք կարծում են, թե Ադրբեջանի ամենախոշոր զենքի մատակարարը լինելով, ՌԴ-ն վերահսկում է նաև այս կողմին։ Ավելին ասենք, եթե ՌԴ-ն իսկապես վերահսկեր Ադրբեջանին, ապա ապրիլյան քառօրյա պատերազմը չէր լինի, քանի որ դժվար թե որևէ խելամիտ գերտերություն հնարավոր բոլոր ճանապարհներով չլռեցներ իր ենթակայության տակ գտնով երկու երկրների ռազմական ընդհարումը։ Այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, արդեն խոսում է այն մասին, որ ռուսական թույլ տնտեսությունը ադրբեջական նավթադոլարների կարիքն ունի, ուստի և ինչ-որ չափով կախված է Ադրբեջանից, իսկ եթե ունի այդ կախվածությունը, ուրեմն միանշանակ դրա վերահսկողն ու տերը չէ։ Եթե նույնիսկ գլոբալ առումով Ադրբեջանն Արցախյան հակամարտության մեջ անուղղակիորեն արևմտյան կողմը չի ներկայացնում, ապա ՆԱՏՕ—ի առանցքային անդամ Թուրքիայի թիվ մեկ դաշնակիցն է, ուստի և ինչ-որ չափով ՆԱՏՕ—ի շահերը ներկայացնողը։ Ստացվում է, որ Արցախը, որոշ վերապահումներով, կարելի է դիտարկել ՆԱՏՕ-ՌԴ պայքարի արդեն թեժացած կետ։

Արևելյան Եվրոպան ՌԴ-ն նույնպես արդեն վաղուց չի վերահսկում։ Այստեղ ՆԱՏՕ—ի ռազմաբազաների՝ մեծ քանակությամբ նոր սպառազինության համալրումը, ինչպես նաև Նորվեգիայի իշախանությունների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մտադրությունները լրացուցիչ սրում են իրադրությունը ռազմաքաղաքական այս երկու ճամբարների միջև։ Սակայն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Եվրասիայում հաջողությունը դեռևս ՆԱՏՕ-ի կողմն է։ Նկատենք նաև, որ Եվրասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունն ավելի վտանգավոր է. Մերձավոր Արևելքը վերաձևվեց կայծակնային արագությամբ, Եվրասիայում այս նույն գործընթացները, չնայած դանդաղ են և երկար ընդհատումներով են ծավալվում, բայց աննկատ են մնում Ռուսաստանի համար, եվ վերջինս այդ գործընթացների վրա կենտրոնանում է միայն այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն իր ձեռքի տակից փախցնում է հերթական եվրասիական պետությունը։

Եթե ուշադիր դիտարկենք ՌԴ-ի շրջապատող տարածաշրջանների էությունը, ապա կտեսնենք, որ դրանց ճնշող մեծամասնությունը նատօամետ է, և ՌԴ-ն այս տարիների ընթացում կորցերել նույնիսկ այն գոտիները, որոնց վերահսկել է տասնամյակներ։ Սակայն  վերջինիս տարածաշրջաններում կորցնում է իր դիրքերը, ոչ թե նրա համար, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ է, այլ պարզապես այս տարածաշրջաններում սեփական անհեռատես քաղաքականության հետևանքով։ Չունենալով դաշնակիցների հետ առողջ փոխհարաբերություններ կառուցելու հստակ մշակված հայեցակարգ և ավանդույթներ, այս երկիրը մեկը մյուսի հետևից կորցնում է իր երբեմնի բարեկամներին և, որ ամենակարևորն է, նախկին ԽՄ մաս կազմող ժողովուրդների քաղաքական համակրանքը, որոնց ՌԴ-ի հետ համագործակցությունը մեղմասած պայծառ ապագայի հույսեր չի ներշչնում։ Այսիքն կարող ենք ասել, որ ՌԴ-ի հիմնական ձախողման պատճառը հենց ինքը ՌԴ-ն է՝ իր սխալ հաշվարկած քաղաքականությամբ։

ԱՄՆ-ն կշարունակի այս կամ այն կերպ դուրս շպրտել ՌԴ-ին իր վերահսկողության տակ գտնվող եվրասիական երկրներից, քանի դեռ Ռուսաստանը դուրս չի եկել «միջուկային և անպարտ» տերություն լինելու և դաշնակիցներին վասալ ընկալալելու իր կաղապարային մտայնության տիրույթից, չի փոխել իր քաղաքականությունն իրեն դաշնակից համարող փոքրաթիվ երկրների նկատմամբ և չի սկսել հաշվի նստել դրանց շահերի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել