Կոմիտասի համերգը Երևանում՝ 1908 թվականին... Հայտնի է, որ 1900-ականների սկզբին Կոմիտասը՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսանողներից կազմված և իր ղեկավարած երգչախմբի հետ համերգներով հանդես է եկել Հարավային Կովկասի խոշոր քաղաքներում: Այդ ժամանակ արդեն Կոմիտասի համբավը, որպես փայլուն երգահանի ու երաժշտի, շատ մեծ էր, և նա իսկական կուռք էր հանդիսանում հայ ժողովրդի և արևելյան, և արևմտյան հատվածների համար:
Կոմիտասը իր երգչախմբով համերգ տվեց նաև Երևանում: Այդ համերգը կայացավ 1908-ի սեպտեմբերին և դարձավ քաղաքի պատմության համար դարասկզբի ամենավառ մշակութային էջերից մեկը: Կոմիտասը Երևանում մեծ ընդունելության արժանացավ: Համերգը տրվեց Ջանփոլադյանի թատրոնի շենքում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող այդ շենքը ներկայումս չի պահպանվել: Ինչպես վկայել են ժամանակակիցները՝ Կոմիտասի երևանյան համերգին դահլիճը եղել է լեփ-լեցուն, այստեղ է հավաքված եղել քաղաքի ողջ սերուցքը՝ Երևանի քաղաքագլուխ Հովհաննես Մելիք-Աղամալյանի գլխավորությամբ:
Համերգի սկզբում Կոմիտասը, ինչպես միշտ, հայ ազգային երաժշտությանը նվիրված դասախոսություն էր կարդացել: Համերգի ողջ ընթացքում Կոմիտասի երգչախմբի ամեն մի կատարում ընդունվում էր մեծ ոգևորությամբ, հիացմունքով ու բուռն ծափահարություններով, իսկ որոշ երգեր երգչախումբը կատարել է երկու-երեք անգամ: Համերգի վերջում Կոմիտասը հանդես է եկել իր հանրահայտ «Անտունի» երգի հուզիչ և անկրկնելի կատարմամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել