Գևորգ-ՊետրոսյանԱմանորի նախօրեին մամուլում արագորեն տարածվեց Ստամբուլում կասկածելի հանգամանքներում սպանված հայուհու մասին տեղեկությունը:

2012-ի դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում սպանվել էր 85-ամյա Մարիցա Քյուչյուքը: Տարեց կնոջ որդին մոր մարմինը տեսնելուց հետո նշել էր, որ նրա վրա արյունով խաչ էր պատկերված: Քյուչյուքը հայերով բնակեցված Սամաթյա թաղամասից էր, ապրում էր միայնակ:

Այս տեղեկության ի հայտ գալու հետ մեկտեղ հայտնի դարձավ, որ նույն ամսին` ավելի վաղ, ևս մեկ հարձակում էր եղել տարեց հայուհու վրա. 87-ամյա կնոջը կողոպտել էին և ծեծի ենթարկել: Վերջինս դաժան ծեծի հետևանքով կորցրել էր տեսողությունը:

Խիստ մտավախություն առաջ բերող այս դեպքերն անհանգստացնող շարունակություն գտան: Հունվար ամսին նմանատիպ ևս երկու դեպք գրանցվեց, ինչն արդեն լուրջ անհանգստության, վախի և շտապ միջամտության տեղիք էր տալիս:

Հունվարի կեսերին հայտնի դարձավ, որ սուրբծննդյան պատարագի համար հայկական եկեղեցի գնացող տարեց կնոջը փորձել էին առևանգել անհայտ անձինք: Նրանք մոտեցել էին հայուհուն և առաջարկել նրան ավտոմեքենա նստել, որպեսզի փոխանցեին ինչ-որ օգնություն: Կինը հրաժարվել էր մեքենա նստել և հասել էր եկեղեցի, որտեղ ոստիկանություն էին կանչել: Բնականաբար (մեզ համար, ցավոք) Ստամբուլի ոստիկանությունը ոչ մի մեքենա էլ չէր հայտնաբերել ու շուտ մոռացել էր այս դեպքը:

Հունվարի 22-ին արդեն չորրորդ (!) դեպքը տեղի ունեցավ. կրկին Սամաթյա թաղամասում: Ազգությամբ հայ 80-ամյա Սուլթան Այքարի վրա նրա բնակարանի բակում հարձակվել էր, ըստ ականատեսների, սև զգեստով, մոտ 35 տարեկան, խիտ մազածածկույթով մի տղամարդ: Մինչ հարևանները կփորձեին օգնության հասնել, տղամարդը հասցրել էր մի քանի ուժգին հարված հասցնել կնոջը, ապ փախուստի դիմել: Ծեծի ժամանակ կնոջ ակնոցը կոտրվելով վնասել էր նրա աչքը. Այքարին վիրահատության էին ենթարկել:

Հունվարի 25-ի դրությամբ նոր դեպքերի մասին տեղեկություններ ԴԵՌ չկան: Սակայն դեպքերի նման վտանգավոր զարգացումը չի բացառում, որ հնարավոր են նոր իրադարձություններ: Վախի մթնոլորտ է Ստամբուլի հայերի, մասնավորապես, բազմահազար համայնքի առավել տարեց անդամների շրջանում:

Իհարկե, բոլոր այս չորս դեպքերը, որոնք տեղի էին ունեցել նույն թաղամասում, ժամանակային առումով մոտ հատվածում, նույն տարիքային խմբի ու սեռի, և որ ավելի կարևոր է` նույն էթնիկ խմբի ներկայացուցիչների դեմ, թույլ են տալիս ենթադրել վատթարագույնը:

Ամեն ինչ ցույց է տալիս, որ այս ամենը ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ հարձակում է հայ համայնքի ամենաանպաշտպան ներկայացուցիչների` տարեց կանանց վրա:

Այստեղ հարց է առաջանում. արդյո՞ք սա զուտ ազգային հողի վրա սպանություններ են, թե՞ ուղղակի հանցավոր խմբի թիրախում են հայտնվել տարեց կանայք, որոնք անպաշտպան են և բացի այդ հայուհի են, ինչը նրանց ավելի անպաշտպան է դարձնում թուրքական իրականության մեջ, իսկ հանցագործներին` պակաս մեղավոր:

Թուրքական ոստիկանությունն իր հերթին շտապեց հայտարարել, որ սպանություններն էթնիկ ենթատեքստ չունեն: Սակայն անզեն աչքով էլ երևում է, որ հարձակումն ուղղված է հենց տարեց հայուհիների դեմ: Որոշ դեպքերում հարձակում գործած անձինք չէին գողացել ոչինչ, ինչն այս ամենը շատ ավելի զարհուրելի տեսանկյունից է ներկայացնում:

Թուրքական լրատվամիջոցներից մի քանիսն անգամ ավելի առաջ ընկան` նշելով, թե սպանության և հարձակումների հետևում միևնույն անձն է կանգնած: Սա նույնպես ոչ խորը մտածված քայլ էր, քանի որ ինչպես վերը նշեցինք, հայ կնոջ առևանգման փորձի ժամանակ ականատեսները ավտոմեքենայում 4 անձի էին տեսել:

Ինչևէ, թուրքական պատկան մարմինները որևէ հիմնավոր փաստարկ չեն ներկայացրել, դեռ չեն հայտնաբերել հարձակման հետևում կանգնած որևէ անձի/անձանց/խմբի:

Նման իրավիճակը Ստամբուլում գտնվող մեր հայրենակիցների համար դժոխային է: Չէ՞ որ Հրանտ Դինքի, թուրք ծառայակցի կողմից ապրիլի 24-ին Սասունում զինվորական ծառայություն կրող Սևակ Բալըքչըի սպանություններից երկար ժամանակ չի անցել: Իսկ այս երկու գործը ցույց տվեցին, որ մերօրյա Թուրքիայում հայի սպանությունը շարունակում է մեծ հաշվով անպատիժ մնալ:

Այստեղ պետք է նաև փոքրիկ հավելում անել. պաշտոնական Անկարային միջազգային իմիջի տեսանկյունից ձեռնտու չէ դեպքերի նման զարգացումը, քանի որ Թուրքիան փորձում է միջազգային հանրության առաջ ժողովրդավար և հանդուրժող երկրի դեր խաղալ: Այս դեպքերն արդեն ուշադրություն են գտել Վաշինգտոնում, նրանց մասին սկսում են խոսել միջազգային մամուլում, անգամ հարց է բարձրացվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում:

Նույն Թուրքիայի շահերից է բխում պոլսահայ կանանց հետագա սպանությունների դադարեցումը, մեղավորներին անհապաղ հայտաբերելն ու խիստ պատժելը, եթե, իհարկե, Աստված հեռու պահի, թուրքերը չեն սկսել նորից ողջ ծավալով տուրք տալ իրենց «հատուկ» գեներին, որոնք ծարավ են արյան, մասնավորապես, երբ այն հայկական է:

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել