Մոսկվայում ընդհանուր մենամարտերի OFS 8 մրցաշարի շրջանակներում 56 վայրկյանում ադրբեջանցի Ռուսլան Մուրթազովին խեղդող հնարքով հաղթելուց հետո 57 կգ քաշային Ալբերտ Ղազարյանն ու մարզիչը՝ Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն երեկ վերադարձան Երեւան: Ալբերտի հաղթանակի տեսագրությունն արագ տարածվեց համացանցում, իսկ շնորհավորանքների տարափն աննկարագրելի էր:  


«Ես բավականին լուրջ նախապատրաստվում էի այս մարտին, մենամարտից առաջ դիտել էի հակառակորդ մարզիկի մարտերը, գիտեի թե նա ինչպես է պատրաստված: Ես պատրաստվեցի նրանից  ավելի լավ և մենք ադրբեջանցուն կարողացանք ծնկի բերել Մոսկվայում: Իր նախնական տեսանյութում ասում էր, որ հինգ րոպեում ինձ կտապալի, այդ խոսքերից հետո ավելի ուժգին ցանկություն առաջացավ նրան հաղթելու»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտը:

Մեր մարզիկը ռինգ էր բարձրացել զինվորական համազգեստով և հաղթանակը նվիրեց հայ զինվորներին, իսկ վերջում ծածանեց Լեռնային Ղարաբաղի դրոշը. «Մենք տրամադրված էինք հաղթանակի, ադրբեջանցի մարզիկի հայտարարությունը մեզ որոշ չափով զայրացրեց: Մենք մշակել էինք մի քանի մարտավարություն , որի արդյունքում կարողացանք ադրբեջանցուն ծնկի բերել: Ադրբեջանցի մարզիկը երկու հարված հասցրեց սկզբից, նրա ձեռքերը շատ երկար էին, հարվածը քիչ էր մնացել, որ ճիշտ նպատակին ծառայեր: Այդ ժամանակ Ալբերտը վայր ընկավ, որպեսզի ադրբեջանցին ավելի տրվի էմոցինաներին և մարտն անցնի պառկած դրության: Այդ դրության մեջ Ալբերտը ուներ հնարավորություն ձեռքի կոտրում հնարքով հաղթել, բայց մենք ընտրել էինք այլ մարտավարություն, որ պետք է մի լավ ջարդ տանք ադրբեջանցուն: Ավելացնեմ, որ մարտն ավարտվում է այն ժամանակ, երբ մարզիկներից մեկը հանձնվելու ազդանշան է ցույց տալիս, այս դեպքում ադրբեջանցի մարզիկն հանձնվեց, իսկ Ալբերտը գտնվելով էմոցիայի տակ, փորձում էր լրիվ խեղդել նրան»,-պատմում է Արմֆայթինգ ֆեդերացիայի նախագահ և Ալբերտի մարզիչ Հայկ Ղուկասյանը:

«Երբ ռուս լրագրողներից մեկն ադրբեջանցի մարզիկին հարցրեցին, թե ինչու է հայ մարզիկին մարտահրավեր նետել, նա պատասխանեց, որ ուզում է իր ազգի հերոս դառնալ, բայց ես նրան թույլ չտվեցի»,-պատմում է Ալբերտը և նշում, որ փոքրուց սիրել է մարտարվեստը. «Ես կարողացա ապացուցել, որ Արմֆայթինգ ֆեդերացիային կարելի է վստահել և կյանքը կապել»:  

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել