Մարդկանց թրաֆիքինգի դեպքերի մեծ մասը մնում է չբացահայտված: Անօրինական շահագործման ենթարկված մարդիկ նախընտրում են լռել իրենց հետ կատարված դեպքերի մասին: Պատճառները տարբեր են՝ վախից մինչև ամոթ: «Համարձակների» պատմությունները վկայում են՝ թրաֆիքինգի դեպքերը մեկը մյուսից սարսափելի են:

Ստրկության նոր տեսակ համարվող մարդու թրաֆիքինգը, զենքի ու թմրանյութերի մաքսանենգությունից հետո համարվում է աշխարհի ամենաշահավետ առևտուրը: Միջազգային վիճակագրական տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում ավելի քան 27 միլիոն մարդ դարձել է թրաֆիքինգի զոհ, ինչի արդյունքում մաքսանենգ բանդաները միլիարդավոր դոլարներ են աշխատել:

ՄԱԿ-ի հաղորդման համաձայն՝ չնայած միջազգային հանրության՝ թրաֆիքինգի դիմակայմանն ուղղված ջանքերին, տարեկան մոտ 4 միլիոն մարդ ենթարկվում է թրաֆիքինգի: Զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են: Աշխատանքների միջազգային կազմակերպության տվյալներով՝ կանանց ու երեխաների սեռական շահագործման արդյունքում տարեկան գոյացող եկամուտը հաշվարկվել է մոտ 28 միլիարդ դոլար: Եվրամիության վիճակագրական տվյալներով՝ թրաֆիքինգի զոհ դարձած յուրաքանչյուր երեխա տարեկան ավելի քան 200000 դոլար եկամուտ է բերում համապատասխան բանդային: Ի դեպ, ՄԱԿ-ի տվյալներով, ողջ աշխարհում թրաֆիքինգի զոհերի 49%-ը կանայք են, 18%-ը՝ տղամարդիկ, 12%-ը՝ տղաներ և 21%-ը՝ աղջիկներ:

Մարդկանց թրաֆիքինգը հիմնականում իրականանում է արևելյան ու կենտրոնական Եվրոպայի երկրներում, Ասիայում, Հարավային Ամերիկայում և Աֆրիկայում, որտեղից զոհերը տեղափոխվում են Բելգիա, Գերմանիա, Իտալիա, Թաիլանդ, Թուրքիա, ԱՄՆ և Պաղեստին:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկիրը հիմնականում հանդիսանում է սեռական շահագործման նպատակով կանանց և աղջիկներին Միացյալ Արաբական Էմիրություններ (ՄԱԷ) և Թուրքիա տեղափոխելու երկիր: Աշխատանքային շահագործման նպատակով իրականացվում է նաև հայ կանանց և տղամարդկանց թրաֆիքինգ դեպի Ռուսաստանի Դաշնություն, երբեմն նաև Թուրքիա:
Նշենք, որ Հայաստանը վերջին երեք տարիներին գտնվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ներկայացվող թրաֆիքինգի դեմ ակտիվորեն պայքարող երկրների առաջին խմբում: Դրանք այն երկրներն են, որոնք լավագույնս իրականացնում են թրաֆիքինգի դեմ տարվող աշխատանքները (Tier 1): Դիտարկված 188 երկրից միայն 31-ն է տեղ գտել առաջին խմբում: Ըստ զեկույցի՝ Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրներից միակն է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ միասին տեղ է գտել առաջին խմբում:

Հ.Գ. Թրաֆիքինգի բազում դեպքեր այդպես էլ չեն բացահայտվում: Վերը նշված թվերը իրականում կարող են շատ ավելի մեծ լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել