ԱՐՄԵՆՉԻԿԻ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ...
Երևույթ, որ մեկ բառով կոչում ենք ռաբիզություն, պետական հոգածության կամ առնվազն բարձիթող վիճակի ներքո գտնվող մշակույթն է, որ ամեն օր սերմանվում և ամրապնդվում է գրեթե բոլոր հեռուստաալիքներով հեռարձակվող տարատեսակ ծրագրերով և այլ միջոցներով, որից հետևում է, որ` արմենչիկը մեր հասարակության մի նշանակալի հատվածի հայելին է...: Եթե ընդունում ենք, որ ռաբիզության պատվանդանը տգիտությունն է, ապա շատ ներողություն` ինչի՞ հետևանք է` զինվորին իբրև օգնություն առատորեն թույն` որին ծխախոտ ենք կոչում` նվիրելը: Միթե՞ ծխելը տգիտություն և ուրեմն` ռաբիզություն չէ, իսկ ծխում է մեր ազգի գրեթե 1/3-րդ մասը: Հասկանալի է, այսօր չունենք` Ազգալդյան կամ Մոնթե, որ ոչ թե սպառնալով կամ անպատվելով, այլ` սիրով և գաղափարի ուժով մեր զինվորներին կարողանային հեռու պահել այդ ախտից, բայց գոնե կա իրենց լույս հիշատակը և ապացույցը, որ հենց չծխող ջոկատներն էին գաղափարապես և մարտունակությամբ առանձնանում:
Այսօր մեր զինվորականները չնչին բացառություններով վերից վար ծխող են և ուրեմն` տգետ ու ռաբիզ, իսկ նման մթնոլորտում արմենչիկներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում...:
Գտնում եմ, որ զինվորական ծառայությունը հայ քաղաքացու կերտման եզակի դպրոցն է և մեծ ցավ եմ ապրում, որ նույնիսկ մինչ այդ չծխող մեր երեխեքը հենց բանակում են դառնում ծխող, այլ խոսքով ավելի բարձրանալու փոխարեն գաղափարապես ավելի ընկնում են և ռաբիզանում: Մինչդեռ պետք է հակառակը լիներ, որ եթե մեկը մինչև զինվորագրվելն արդեն ապականվել էր այդ ախտով` բանակը պիտի բարձրացներ իրեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել