Շատ եմ սիրում հասարակական տրանսպորտն ու նամանավանդ շատախոս ուղևորներին, ովքեր թթվում են ականջիդ ու նախքան քո տեղ հասնելը՝ ուղեղդ լվանում, սա էլ մի առանձնակի թարմություն է բերում՝ միապաղաղ կյանքով ապրող քաղաքում: Սիրում եմ լսել ուղևորների շատախոսությունը, որովհետև մի կողմից ավելի լավ է լսել, թե ինչ է ասում-խոսում ժողովուրդը, քան թե վարորդի անճաշակ ռաբիզ երաժտության տակ նյարդայնանալ կամ էլ հարմար դիրք ընդունել ննջելու համար, սակայն մյուս կողմից ականատես-մասնակիցն ես դառնում, թե ինչպես են նման խոսակցություն-բամբասանքները ձևավորում հասարակական կարծիք, ու պատկերացրեք, որ նման դեպքերում նույնիսկ Ադիբեկյանի անցկացրած սոցհարցումները կարելի է համարել դեզինֆորմացիա:

Հասարակական կազմակերպություններն ու սոցիոլոգները մեծ գումարներ են ծախսում նման հարցումներ կատարելու համար, մինչդեռ բավական է օգտվել հասարակական տրանսպորտից կամ էլ օրվա մեջ գոնե մի կես ժամ զրուցել բակում հավաքված հարևանների հետ:
Օրինակ՝ ուզում եմ այսօրվա Գյումրվա տրամադրություններից կիսվել ձեզ հետ (բամբասել), սակայն կանխավ զգուշացնում եմ, որ որևէ կուսակցության չեմ հարում և որևէ նախագահի թեկնածուի կողմնակից չեմ: Ըստ Գյումրվա «սոց. հարցվողների»՝ Գյումրի քաղաքի 90%-ն իր ձայնը տալու է Րաֆֆի Հովհաննիսյանին, որին ես քնքշությամբ անվանում եմ «Ժողովրդի հալալ բալա» (սա չհամարեք ծաղրանք, քանի որ որպես անձ հարգանք եմ տածում նրա նկատմամբ), և սա ոչ միայն «Газель»-ային տրամադրութուններից է, այլև բակային կամ հարևանական հաղորդակցության արդյունք (ի գիտություն ընդունեք այն փաստը, որ պետական կառույցներիի աշխատակիցներին պարտադրում են, որ ընտրություններին յուրաքանչյուրը մինիմում 30 ձայն ապահովի, այս մասին բազմիցս բարձրաձայնվել է):

Երբ նայում եմ, թե ինչպես են նախագահի թեկնածուներից յուրաքանչյուրը վերլուծություններ կատարում ու մյուս թեկնածուներին ձայների տոկոսային բաժիններ հատկացնում, ակամա հարց է ծագում մոտս, դա հատուկ պատվե՞ր է, ինչո՞ւ եք նման էժանագին քայլերի գնալով ինչ-որ մեկի համար ձևավորում հասարակական կարծիք, այդ դեպքում ինչո՞ւ եք ինքներդ ձեզ նսեմացնում, երբ համոզված պնդում եք, թե ձայների զգալի տոկոսային առավելությամբ կհաղթի ՀՀԿ-ական թեկնածուն: Ուզում եմ նաև հարցնել՝ դուք չե՞ք լսում, թե ժողովուրդն ինչ է խոսում, չե՞ք հարցնում, թե նա ում է արդեն ընտրել, իսկ դուք փորձում եք հաստատել ընտրությունների ելքը, որը միանշանակ լինելու է ընտրակեղծիքների միջոցով:
Գյումրվա նախընտրական տրամադրություններից ելնելով՝ կարելի է եզրակացություն կատարել, որ Գյումրու ժողովուրդն այլևս չի վստահում ո՛չ ԲՀԿ-ին և ո՛չ էլ ՀՀԿ-ին: Նրա համար ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը համարժեք են, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը՝ այլընտրանք: 
Ասածս կարող եք հերքել, դա ձեր գործն է, ինչ ասեմ, մի բուռ քաղաք՝ հազար ու մի կարծիք՝ ձերն էլ բացառություն դրանցից: Կհանդիպենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել