Նույն գետը երկու անգամ չեն մտնում... 1920-ականների սկզբին Սովետական Ռուսաստանը «բարեհաջող» կերպով լուծեց իր բոլոր հարցերը այս տարածաշրջանում՝ ոտնահարելով հայ ժողովրդի կենսական շահերը: Եվ դա միայն Կարսի մարզի և Իգդիրի հանձնումը չէր «բարեկամ» քեմալական Թուրքիային: Ի վերջո ինչպե՞ս Արցախն ու Նախիջևանը հայտնվեցին նորաստեղծ Ադրբեջանի կազմում: Հիմա արդեն բոլորս գիտենք, որ դա սովորական վիճակախաղ չէր, այլ Սովետական Ռուսաստանի կողմից լրիվ գիտակցված քայլ՝ դա ուղղակի քեմալական Թուրքիայի քաղաքական պատվերի կատարումն էր:
Ցավոք, հայերին այն ժամանակ հնարավոր եղավ բացարձակ ապակողնորոշել: Ամենուրեք սերմանվեց այն գաղափարը, որ հիմա արդեն ամեն ինչ ուրիշ է լինելու՝ ապրելու ենք միասնական սովետական տարածքում, սահմանների հարցը ուղղակի սիմվոլիկ բնույթ է կրելու և ոչ մի նշանակություն չի ունենա՝ որ հանրապետության կազմում կլինեն նույն Արցախն ու Նախիջևանը: Իսկ թե ինչ իրական արժեք ունեցան այդ սին գաղափարները հայերի համար՝ վկան ներկայիս ամբողջությամբ հայաթափված Նախիջևանը և Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան Արցախի հանդեպ 1990-ականների սկզբին:
Հայտնի ասացվածք կա՝ վատ օրինակը վարակոտ է: Այսօր Ռուսաստանը փորձում է լուծել իր նոր գերխնդիրը՝ ամեն գնով ներառել Ադրբեջանը ԵԱՏՄ կազմի մեջ: Այս պարագայում Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող աննախադեպ ճնշումը՝ Արցախում որոշ տարածքների անհապաղ հանձնելու պահանջով, այլ կերպ այլևս չի կարող ընկալվել, քան ընդամենը սովորական քաղաքական կաշառք Արդբեջանին՝ այդ երկրի ԵԱՏՄ մտնելու դիմաց: Եվ նորից այդ ամենը փորձ է արվում լուծել Հայաստանի և հայ ազգաբնակչության կենսական շահերի հաշվին՝ ինչպես 1920-ականների սկզբին էր: Չի բացառվում նաև, որ հաջորդ քայլով սկսվի նույն ԵԱՏՄ-ի թեժ պրոպագանդումը՝ որպես մի միասնական ընդհանուր տարածքի, որտեղ սահմանների հարցը այլևս կարևոր չի լինելու և այլն: Սակայն ժամանակներն վաղուց արդեն փոխվել են, և ներկա իրավիճակին ավելի շատ սազում է մեկ այլ հայտնի ասացվածք՝ նույն գետը երկու անգամ չեն մտնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել