Հայաստանում Երիտասարդների օրհնության օր է համարվում Սուրբ Սարգսի տոնը: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հունվարի 26-ին է տոնելու սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և տասնչորս զինվորների հիշատակի օրը:
Հաստատուն և զորեղ հավատքի տեր Սուրբ Սարգիս զորականը զորացած էր Սուրբ Հոգով. նրա բարեպաշտությունն ու ազնվությունը լույս էր սփռում Կապադովկյան Կեսարիայում: Պատերազմներում բազում հերոսություններով աչքի ընկած Սուրբ Սարգիսն արժանանում է թագավորի մեծամեծ պարգևներին և զորավարի կոչմանը: Զորականը շատ մարդկանց բերեց ճշմարիտ հավատքի, օգնեց աղքատներին, հովանավորեց նեղյալներին: Նա քանդեց հեթանոս մեհյանները և փոխարենը քրիստոնեական եկեղեցիներ կառուցեց: Սակայն շուտով փականքներ դրվեցին քրիստոնեության լուսաճառագ ճանապարհներ բացող դռների վրա, քանզի գահ էր բարձրացել հեթանոս Հուլիանոս Ուրացող կայսրը: Հեթանոս կայսրը որոշում կայացրեց Ալեքսանդր Մակեդոնացու պես տիրել ողջ աշխարհին` մահ ու ավեր սփռելով շուրջբոլոր: Նա քրիստոնյաների նկատմամբ հալածական արշավանքներով բազմաթիվ աստվածապաշտների սպանեց: Երկրի այսպիսի բացասական շրջադարձի պատճառով ծանր խոհերի մեջ էր խիզախ և ազնվաբարո զորավարը, երբ մի օր նրան տեսիլք երևաց. «…Գնա’ այն աշխարհը, ուր քեզ ցույց կտամ. այնտեղ քեզ մարտիրոսության պսակ է պատրաստված»:
Սարգիս Զորավարը, վաճառելով իր ողջ ունեցվածքը, ստացված դրամը բաժանում է նեղյալներին և իր որդու հետ ճանապարհվում քրիստոնյա Հայաստան: Հայաստան աշխարհում հռչակավոր զորավարն արժանանում է Տիրան թագավորի վայելուչ ընդունելությանը: Սակայն որոշ ժամանակ անց հայոց թագավորը խորհուրդ է տալիս նրան մեկնել Պարսկաստան, որպեսզի խուսափի նրան ապաստան տալու համար հեթանոս կայսրի հետագա խռովություններից: Պարսից Շապուհը ևս նրան պատվական ընդունելության է արժանացնում:
Քաջ զորավարն այստեղ ևս փայլում է իր ռազմական հաջողություններով: Պարսից զինվորներից ոմանք նրա հորդորներով քրիստոնեություն են ընդունում: Պարսից արքան Սարգիս զորավարին թանկագին նվերներ է տալիս և պահանջում, որ նա մեհյանում կուռքերին զոհ մատուցի: Սուրբ Սարգիսը կտրականապես մերժում է հրամանը: Չենթարկվելով արքայի հորդորներին ու պահանջներին` աղոթելով խաչակնքվում է և ջարդուփշուր անում ձեռակերտ շինությունը: Մոլեգնած քրմերը նահատակում են նրա որդուն և իրեն տանջանքների ենթարկում: Արքայի բազում փորձերն ապարդյուն անցան, որի համար նրան գլխատեցին:
Ավանդության համաձայն` սրբի մարմինը Մեսրոպ Մաշտոցը տեղափոխում է Հայաստան` Կարբի (Աշտարակի մոտ), որտեղ եկեղեցի է կառուցվում նրա անունով: Երանելին Քրիստոսի սիրով անմահացավ` հաղթելով աշխարհին:
Այս տոնին նախորդող ուրբաթ օրը` երեկոյան, երիտասարդները աղի բլիթ են ուտում, հույսով` գիշերը երազում կհայտնվի իրենց ջուր տվող կյանքի ապագա ընկերը: Այստեղ էականը աղոթքն է առ Աստված` հեծյալ սուրբ Սարգսի բարեխոսությամբ` իբրև արագահաս օգնական: Տոնին հավատավորները գնում են եկեղեցի և մասնակցում սուրբ Պատարագին:

Հայաստանի Դուքենդո ֆեդերացիան իր անձնակազմի և մարզիկների անունից շնորհավորում է երիտասարդներին տոնի կապակցությամբ և անսահման սեր ու բարեբերություն մաղթում բոլորին: Հարգանքներով և մեծ սիրով Docando Հայկական ֆեդերացիա:)

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել