Քննարկվում է «Զինապարտության մասին» օրենքը փոփոխելու առաջարկությունը, որն առաջարկվել էր Tevan J. Poghosyan-ի կողմից։ Առաջարկն, ինչ խոսք, պարունակում է գայթակղիչ կողմեր ու, եթե հաշվի ենք առնում այն, որ հանրային պահանջն էլ է մեծ, ապա տրամաբանական է թվում նման օրենքի նպատակահարմարությունը։ Համենայն դեպս՝ առաջին հայացքից։

Հիշեցման և իրազեկման կարգով նշեմ, որ նոր տարբերակը նախատեսում է, որ այսուհետ, 18 տարեկան բոլոր տղաները, բացի սահմանված բացառություններից, պետք է անցնեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։ Հիշեցնեմ նաև, որ ներկայումս ԲՈՒՀ-երում անվճար սովորող տղաները ստանում են տարկետում։

Հիմա մի քանի փաստարկ-հակափաստարկներ բերեմ, որպես մարդ, ով բանակ է գնացել 18 տարեկանում՝ ԲՈւՀ-ում մեկ տարի ուսանելուց հետո և 2 տարին էլ ծառայել է ուսումնական զորամասում, որտեղ հասցրել է տեսնել թե՛ 18 տարեկանների զորակոչեր, թե՛ «ավարտածների» զորակոչեր։

Իրականում, չափազանցացնում են թե՛ նրանք, ովքեր խիստ արժևորում են ԲՈւՀ-ն ավարտած սերժանտ-ավագների դերակատարությունն ու որակը՝ մնացածի ֆոնին, թե՛ նրանք, ովքեր համարում են, որ բանակում միայն 18-20 տարեկաններին ունենալը լավ է ու առավել ևս՝ բուն հարցի լուծում է։

Իմ դիտարկումներով, 18 տարեկան նորակոչիկն ունի հետևյալ առավելությունները 20-22 տարեկանի համեմատ․ լինելով ավելի անփորձ ու դեռ լրիվ չկայացած անհատականություն՝ ավելի ճկուն է և ավելի հարմարվող, ավելի թեթև է տանում բանակի բարդությունները, ավելի հեշտ է հաղթահարում առաջին շրջանի ու ողջ ծառայության սթրեսը, ունենալով ավելի ցածր կրթական ցենզ՝ այդուհանդերձ կարող է ուսումնական զորամասում կուրսն ավարտելուց հետո լինել ոչ պակաս լավ սերժանտ ու մասնագետ, քան ավարտածն է, քանի որ ռազմական մասնագիտությունները քաղաքացիական ԲՈւՀ-երում չեն սովորեցնում, իսկ կրտսեր հրամանատար լինելու համար պետք է առաջնորդական հակումներ և հեղինակություն, որը ոչ մի տեղ չեն սովորեցնում։ Այն լինում է, կամ էլ չի լինում։

Ավարտած տղերքն իհարկե տարբերվում են իրենց տարիքով, կենսափորձով, զարգացվածության միջին մակարդակով, քան 18 տարեկանների զորակոչի տղերքինն է և «լավ» ավարտածի հետ «լավ» 18 տարեկանին ավելի հետաքրքիր է, բայց հավատացնում եմ, որ համազգեստն ու կանոնադրությունը արդեն 6 ամիս հետո գրեթե նույն մակարդակի են հասցնում այդ կողմնակի բաները։

Արդյունքում՝ Harutyun Mnatsakanyan-ի նշած լավ սերժանտներն ու լավ ավագները՝ ավարտած տղերքի թվից, այդքան լավն են լինում ոչ թե իրենց դիպլոմների ու դիպլոմի միջուկի գնահատականների շնորհիվ, այլ բնածին անհատական առանձնահատկությունների։ Իմ դիտարկումներից ելնելով, կարող եմ վստահեցնել, որ այն ավարտած սերժանտն ու ավագը, որ լավն է եղել այդ կարգավիճակում՝ 20-22 տարեկանում բանակ գնալով, պակաս լավ չէր դրսևորի իրեն, եթե բանակ գնար 18 տարեկանում։

Ամփոփելով այս ամենը՝ ցանկանում եմ նշել, որ իմ համեստ կարծիքով, նման ռեֆորմը չի լուծում ոչ մի գլոբալ խնդիր, բայց չի էլ ստեղծում ոչ մի գլոբալ խնդիր։

Չի լուծում, որովհետև կոռուպցիոն մեխանիզմներով բանակից ազատվողն էլի ազատվելու է (խնդիրը օրենքի բացերը չեն, այլ երկրիդ կոռումպացվածությունը)։ Թերևս փոխվելու է կոռուպցիոն հոսքերի ուղղությունը, և գուցե կաշառքի չափսերը, բայց ոչ երևույթը։

Չի ստեղծելու ոչ մի խնդիր, որովհետև ուսման ծարավից խեղդվող երիտասարդները միշտ էլ կարող են ուսում ստանալ բանակից հետո՝ ավելի արտոնյալ պայմաններում և ավելի մոտիվացված լինելով (ես կրկին համալսարան ընդունվեցի զորացրվելուց 2 տարի անց ու ավարտեցի 2014-ին), իսկ բանակում լավ սերժանտ լինելու համար, ինչպես արդեն նշվեցի, դեր խաղում է ոչ թե դիպլոմը, այլ տվյալ դիպլոմակրի անհատական ու բնածին առանձնահատկությունները։

Մի խոսքով, փոթորիկ ենք անում մեկ բաժակ ջրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել