Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ մարտական գործողությունների ժամանակ խիզախությամբ աչքի ընկած զինվորների պարգևատրման արարողությունը: Պարգևատրվածների շարքում է կրտսեր սերժանտ Միքայել Սահակյանը, ում Blognews-ն ավելի վաղ հանդիպել էր զինվորական հոսպիտալում և հարցազրույց արել նրա հետ։

Միքայելը դեռ լիարժեք չի կազդուրվել, բայց արդեն մտածում է սահման վերադառնալու մասին, նա վրեժ ունի լուծելու, ընկերների թափած արյան վրեժը։ Միքայելը զոհված ընկերներ ունի, կարծում է, որ մեր տղաների թափած արյան վրա թշնամին քայլելու իրավունք չունի։ 

«Այս ամենն ինձ վրա միայն վիրավորման հետքն է թողել, կյանքիս վրա հետք չի թողել։ Բուժումից հետո անպայման վերադառնալու եմ ծառայության՝ ընկերներիս մոտ»,- ասել է նա։ Կրտսեր սերժանտը նշում է, որ թշնամին միայն զենք ունի, իսկ կռվել չգիտի։

19-ամյա Միքայելը գյումրեցի է, Ջեբրայիլում է ծառայում։ Ապրիլի 1-ին նա հանձնել էր հերթափոխն ու իջել զորամաս, սակայն տագնապ է եղել և հետ են բարձրացել վերև։ «Պատրաստակամ բարձրացանք վերև։ Մեր նպատակն էր հետ վերցնել մեր հողերը՝ կռիվ տալ մինչև վերջ։ Բոլոր տղաներն էլ ուզում էին՝ մինչև վերջ կռիվ տալ»,- ասաց Միքայելը, ով վիրավորվել է ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը։

«Երբ բարձրացանք, արդեն հարձակվել էին մեզ վրա և վերցրել մեր դիրքերը։ Սկսվեց կռիվը, պայթյուն եղավ, և ես վիրավորվեցի: Նռնակից վիրավորում եմ ստացել ձեռքիս և կրծքավադակիս շրջանում»,- ասազ զինվորը։ 

Ապագայի մասին Միքայելի ծրագրերը դեռ հստակ չեն, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ, զորացրվելուց հետո կմտածի անելիքների մասին։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել