Արամ ԱնտինյանTert.am-ը գրում է.
Այս օրերին՝ կապված Քառօրյա պատերազմի ընթացքում մեր ռազմավարական գործընկերոջ բռնած դիրքի ու ՀԱՊԿ-ի՝ մեզ համար մեղմ ասած ոչ ընդունելի արձագանքի հետ, տարբեր փորձագիտական շրջանակներում սկսեցին լրջորեն քննարկվել ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունը շարունակելու նպատակահարմարությունը: Ավելին՝ շատերը սկսեցին պահանջել օր առաջ դուրս գալ այդ մեռելածին կառույցից, որը ոչ միայն մեզ տնտեսական շոշափելի օգուտներ չբերեց, այլև չարդարացրեց մեր ամենակարևոր սպասումը Ղարաբաղի անվտանգության հետ կապված, երբ պարզվեց, որ այն երաշխիքները, որոնք, ինչպես խոսվում էր, ղարաբաղյան հարցով տրվել էին մեզ ԵԱՏՄ մտնելուց առաջ, իրական չեն: Թեպետ, եթե ՀԱՊԿ կանոնադրությունը ենթադրում է, որ հարձակման ենթարկված պետությունը պետք է գրավոր դիմի կազմակերպությանը, իսկ մեր պարագայում դա նպատակահարմար չի համարվել, գուցե բավարար բացատրական աշխատանք պետք է տարվեր հանրության շրջանում, այլ ոչ թե հասարակական կարծիքը նրբորեն ուղղորդել, թե տեսեք՝ ինչ անարդյունավետ կառույց է ՀԱՊԿ-ը:
 
Չնայած միշտ դեմ եմ եղել քաղաքական նպատակներով տնտեսական որևէ կառույցի մեր հնարավոր անդամակցությանը, այնուամենայնիվ, ցանկանում եմ լրջորեն քննարկել՝ որքանով պրագմատիկ ու հիմնավորված են արտաքին վեկտորի նման կտրուկ փոփոխություններին ուղղված կոչերը և արդյո՞ք այդ նույն պահանջողները իրենց ուզածին հասնելուն պես ի վիճակի են լինելու առաջարկել նաև մեր հետագա քայլերը աշխարհից անկախ կարգավիճակում, կամ որևէ տնտեսական, քաղաքական կառույցում և կարողանալո՞ւ են արդյոք նախանշել դա անելու իրական տարբերակները: Հակառակ դեպքում, պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ պոպուլիստական կոչերի հեղինակները, ստանալով ժողովրդի մեծամասնության քվեն ու հայտնվելով իշխանության ղեկին, հետ են կանգնել իրենց խոսքերից և հայտարարել, որ սխալվել են կամ հարցը ճիշտ չեն պատկերացրել: Նմանատիպ իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է ճիշտ ծանրութեթև անել այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ապա հարցը քննարկել այն տեսանկյունից, որ մեծ քաղաքականությունը խաղի այլ կանոններ է թելադրում, քան ինչ-որ կառույց երբ ուզել մտնելն ու երբ ուզել դրանից դուրս գալը:

Եթե ապրիորի ընդունում ենք, որ Ղարաբաղի անձեռնմխելիության երաշխիքներ Մոսկվայից մեր իշխանություններին ամեն դեպքում տրվել են, և հենց դրանով է պայմանավորված եղել մեր արտաքին տնտեսական վեկտորի կտրուկ փոփոխությունը 4 տարվա «ասոցացումից» հետո,  ճի՞շտ է արդյոք հիմա բռնել եվրաինտեգրացիայի ուղին և արդյո՞ք այդ ճիշտն այսօր նաև հնարավոր է: Նախ, փաստենք, որ Մաքսային միությանը միանալու ցանկությամբ Ղարաբաղի անվտանգության հարցը լուծելը, որքան ազնիվ մղում էր, նույնքան էլ հանգամանալից չկշռադատված՝ հենց տնտեսական բաղադրիչի տեսանկյունից: Որքան էլ այսօր դժգոհենք ԵԱՏՄ-ից տնտեսական և քաղաքական պատճառներով ու ընդունենք, որ մեր չարդարացված սպասումները գերակշռում են մեր ստացած օգուտներին, պետք է պատրաստ լինել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պրոցեսը չի խոստանում անցավ լինել ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական առումով՝ հաշվի առնելով Ղարաբաղյան հարցի ամենաանկանխատեսելի զարգացումները և դրանցում ՌԴ-ի հնարավոր մասնակցությունը:

Պետք է ընդունել, որ գլոբալ քաղաքականությունը հազվադեպ է սև-սպիտակ լինում, կարելի է ասել՝ այն երբեք սև-սպիտակ չի լինում. ուստի, ճիշտ գնահատելով մեր դերն ու տեղը տարածաշրջանում, վերանալով «Եվրոպան լավն է, իսկ Ռուսաստանը՝ վատը» պնդումներից,  պետք է մտածել, թե արատների մեր ողջ բույլով հանդերձ որքանով ենք այսօր հետաքրքրում նույն Եվրոպային, որը վերջին հարյուր տարում մեզ իրենով անելու գործնական քայլեր, կարծես թե չի անում: Բացի այդ, շատերի մոտ անցել է Եվրոպային ինտեգրվելու սիրողական մակարդակի ոգևորությունը, քանի որ 2008-ից՝ Վրաց-օսական պատերազմից սկսած, հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի մի շարք երկրների պրոբլեմները դիտարկելով, վերջացրած Ուկրաինայի բարդ հիմնախնդիրներով, այդքան էլ հուսադրող չեն մեզ համար, որ մենք ամեն գնով ձգտենք դեպի Եվրոպա, կամ էլ պատրաստ լինենք այդ նպատակին հասնելու ճանապարհին թանկ գին վճարել:   

Իսկ եթե հիմա էլ պարզվի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու կարևոր որոշումից հետո էլ ԵՄ-ն  մեզ սարեր-ձորեր չի խոստանում: Իսկ եթե պարզվի նաև, որ մեր անհաջողությունների բանալին ոչ թե մեր անդամակցած միջազգային կառույցներն են, այլ մեր մտածելակերպը: Եթե հետո պարզվի, որ մենք ԵԱՏՄ-ից չենք կարողացել ստանալ ինչ պետք է, որովհետև ճիշտ չենք պահանջել, կամ միայն պահանջել ենք և դա ստանալու համար իրական գործնական քայլեր չենք արել: Եթե հանկարծ պարզվի, որ անգամ մեր երկրի էներգետիկ, երկաթուղային և շատ այլ համակարգերի չտիրապետելու պայմաններում շանս ունեինք ԵԱՏՄ-ում էլ կերտել զարգացող տնտեսություն... Իսկ եթե հանկարծ պարզվի, որ մեր արտահանումը ԵԱՏՄ մտնելուց հետո պակասել է, որովհետև արտահանման ենթակա հիմնական հանքանյութերի գնանկումից զատ, մեր արտադրությունն է պակասել: Եթե հանկարծ պարզվի, որ մեր երկրում կոռուպցիայի պատճառը Ղազախստանը, Բելառուսը և ոչ էլ անգամ Տաջիկստանը չեն: Եթե պարզվի, որ մենք չենք կարողանում մեր երկրում ԵԱՏՄ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպում կազմակերպել, որովհետև մեր արտաքին քաղաքականությունն է կաղում: Եթե հանկարծ պարզվի, որ մեր տնտեսությանը կեղեքող մոնոպոլիաները Ռուսաստանը չի պարտադրել, այլ մենք ենք դրանց գոյությանը համաձայնել:

Ի՞նչ կկատարվի, եթե հանկարծ պարզվի, որ մենք չենք զարգանում, որովհետև որպես երկիր իմունիտետ չունենք, որովհետև նույն կառույցի շարքային անդամ Բելառուսի պես չենք պահանջում մեր հասանելիքը, այլ փոխարենը փոքր եղբոր, ոչ լիիրավ անդամի պես սպասում ենք, որ մեզ տան, կամ չտան, մեզ հետ արդար, կամ անարդար վարվեն:

Իհարկե, պետք է քննարկել նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու տեխնիկական կողմերը: Չնայած ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին դիմումն ուղարկելու պահից անդամ երկիրն իրավունք է ստանում չմասնակցել միության օրգանների կողմից ակտերի ընդունման պրոցեսներին, բայց կարող է լքել միությունը դիմումն ուղարկելու պահից 1 տարի հետո միայն՝ այդ ընթացքում շարունակելով կատարել բոլոր այն պարտականությունները, որոնք նա ստանձնել է ԵԱՏՄ մտնելուց հետո: Դիմելուց անմիջապես հետո դուրս գալու տարբերակը չեմ էլ դիտարկում, քանի որ դրա պարագայում որոշումը կայացվելու է կոնսենսուսով, իսկ դրան հասնել մեր դեպքում գործնականում անհնար է: Այսինքն՝ այսպես, թե այնպես ԵԱՏՄ-ից անմիջապես դուրս գալ  չի հաջողվելու, բացի այդ սկսվելու է ԵԱՏՄ-ի անդամակցության հետ կապված ֆինանսական պարտավորությունների հետ կապված հարցեր: Մենք մեր համեստ ու արդեն հաստատված բյուջեով, պատերազմի մեջ գտնվելով՝ ի վիճակի լինելո՞ւ ենք այդ ծախսերն անել: Կամ, մեկ տարի կորցնելուց հետո, հասցնելո՞ւ ենք ոնց հարկն է ինքնակազմակերպվել ու ապագան կառուցելու ճիշտ ռազմավարություն գծել: Իսկ եթե այդ մեկ տարին որոշիչ լինի տնտեսական առումով:

Վստահություն ունեմ, որ շտապողականությունը, ինչպես շատ դեպքերում, այնպես էլ այս հարցում վնասից բացի ոչինչ չի բերելու: Ու որքան էլ ինձ դուր չգա Ռուսաստանի ներկա դիրքորոշումը, չկատարված խոստումների փաթեթը, ստանձնած պարտավորություններն անտեսելը,  հակառակորդին զենք վաճառել-չվաճառելը... պետք է պայքարել այդ դիրքորոշումներ փոփոխության համար ու դա անել ամեն օր:

Ապա այդ պայքարում ձախողելուց հետո միայն մտածել ֆունդամենտալ փոփոխությունների մասին: Հակառակ դեպքում սեփական իրավունքների համար երբեք պայքարի մեջ չմտնելով՝ շանսերը փոքր են, որ երբևէ՝ ինչ կառույցում էլ որ լինենք, մեզ բանի տեղ կդնեն: 

Եվ վերջապես, ԵԱՏՄ-ին մեր անդամակցելուց հետո էլ բավական սրված են Արևմուտք-ՌԴ հարաբերությունները, ու եթե դեռ պարզ չէ, թե այդ հակամարտությունից ով շահած դուրս կգա, կամ աշխարհի որ տարածաշրջանում ինչպիսի կոմպրոմիսի կգան, դիմել այսօր ԵԱՏՄ-ից դուրս գալու համար ռիսկային է: Իսկ եթե ՌԴ-ի դիրքերն ամրանան, ապա ոչ թե մեկ տարի հետո կկանգնենք խնդիրների առջև, այլ ԵԱՏՄ-ից դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից: Իսկ եթե, այնուամենայնիվ, մեր տարածաշրջանից ՌԴ-ն հետ է քաշվելու, չկարողանալով այն պահել իր կենսական շահերի տիրույթում, ապա այդ դեպքում մենք հանգիստ խղճով կարող ենք մտածել այն տարբերակների ուղղությամբ, որոնք ի հայտ կգան նոր իրավիճակում:  Ուստի թե քաղաքական ուժերը, թե իշխանությունն  առհասարակ պետք է պատրաստ լինեն հավանական բոլոր զարգացումներին: Փոքր երկրները ճկուն քաղաքականություն վարելու պարագայում մշտապես շահած են դուրս գալիս «մեծերի» հակամարտություններից, իսկ անհեռատես քաղաքականություն վարելը հանգեցնում է ուժեղների ոտքերի տակ տրորվելուն: Հետևաբար` պետության ղեկավարումը ստանձնածները պարտավոր են անհամեմատ ավելի պատասխանատու լինել ու կոնսերվատիզմի մեջ չմեղադրվելուց խուսափելու համար չպետք է հապշտապ տարատեսակ վայրիվերումների գիրկն ընկնեն, ինչին զոհ կարող են դարձնել մեր երկիրն ու ժողովրդին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել