Tert.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Ստեփանակերտը որոշ տեղեկություններ ունի, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված եզդի Քյարամ Սլոյանին գլխատած ազերի զինվորականին պարգևատրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այլև Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

«Ըստ որոշ տվյալների՝ այդ դահիճին պարգևատրել է նաև թուրքական պետությունը՝ հեռակա: Իհարկե ադրբեջանական կողմը փորձում է քողարկել այս փաստը: Եվ սա մեսիջ է քուրդ ժողովրդին, որովհետև, չգիտես ինչու, նրանք քրդերին ու եզդիներին մեկ ազգ են դիտում»,- Դավիթ Բաբայանը հավելեց, որ ադրբեջանական այս ֆաշիզմին մասնակից է նաև Թուրքիան:

Անդրադառնալով Բաքվի՝ 94թ. զինադադարի պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ բացատրություններին, Դավիթ Բաբայանը հեգնանքով ասաց, թե տպավորություն է, որ այդ դիմումը ներկայացրել է ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանատան պահակի քրոջ որդին: 
 
«Նրանք մի քանի անգամ շահարկումներ են արել, շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, չի ստացվել: Իրենց արտգործնախարարը պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ այդ նամակի մասին, դա ինչ-որ դեսպանատան պահակի քրոջ տղան է ներկայացրել. ահա էսպիսի անիմաստ փաստարկներ»,-հայտարարեց Դավիթ Բաբայանը։
 
Հիշեցնենք, որ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ Ադրբեջանը չի կարող դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝1994թ.-ի հրադադարի մասին պայմանագրի չեղարկման համար, քանի որ նման բան գոյություն չունի, որ ՄԱԿ-ը չեղարկի պայմանագիրը:
 

Նշենք, որ ապրիլին սկսված պատերազմական իրավիճակն ուղեկցվում էր նաև քարոզչական պատերազմով, որի ժամանակ ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդել էին, թե հայկական կողմը թունավորում է գետերը, որոնք հոսում են դեպի Ադրբեջան:
 
«Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք՝ Ադրբեջանն ինքը միշտ թունավորում է մեր գետերը և՛ պատերազմի ժամանակ, և՛ խորհրդային տարիներին, ինչի հետևանքով կտրուկ մեծացել էր քաղցկեղի քանակը. սա ոչ այլ ինչ է, քան այդ թունավորման հետևանք: Այսինքն` թունավորել են առաջ, թունավորել են հետո, և հիմա փորձում են իրենց մեղքը բարդել հայերի վրա»,-ասաց Դավիթ Բաբայանը` հիշեցնելով, որ այդ «թունավորման մասին ժամանակին խոսել է BBC-ն»:
 
Անդրադառնալով կառավարության նիստի օրակարգում ներառված պատգամավորներ Զ. Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի՝ Արցախը ճանաչելու մասին օրինագծին` Դավիթ Բաբայանը նկատեց. «Կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանը, որ ամեն ինչ անում է Արցախի ճանաչման համար, առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը։ Այս գործընթացը պետք է հասցնենք իր տրամաբանական ավարտին»:
 
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս նախագծի առնչությամբ հայտնել էր, թե «նման սադրիչ քայլից հետո ողջ պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա»:
 
Ի պատասխան հարցի, թե Ադրբեջանն էլ ասել էր, որ պատերազմ կլինի, եթե ՀՀ-ն ճանաչի, ապա Դավիթ Բաբայանն էլ հակադարձեց. «Խնդիրը նրա մեջ է, որ եթե լինի պատերազմ, կճանաչի, եթե իրենք չեն ուզում պատերազմ, պետք է հայտարարեն, որ չեն ուզում պատերազմ»։
 
Ամփոփելով՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ հայ ժողովրդի առաջ դրված է 4 հիմնական գերխնդիր՝ Արցախի հիմնախնդիրը, Ցեղասպանության ճանաչում, Սևանա լճի փրկության և Սփյուռքում ազգային ինքնության պահպանման խնդիրները։

Այս 4 ուղղություններով, ըստ Դավիթ Բաբայանի, հայ ժողովուրդը պետք է լինի միասնական:
 
«Եվ այն, որ այստեղ են գալիս տարբեր քաղաքական գործիչներ և՛ Հայաստանից, և՛ Սփյուռքից, շատ լավ ու ողջունելի է. ավանդական կուսակցությունների ներկայացուցիչները ոչ միայն պարբերաբար այցելում են Արցախ, այլ եղել են այստեղ այս 4-օրյա պատերազմի թեժ օրերին »,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել