ԱՄՆ–ի Արևմտյան Վիրջինիան դարձավ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց Ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Հանձնախմբի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ նշվում է, որ համապատասխան հռչակագիր է ընդունել Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը, ով 2016-ի ապրիլ ամիսը հայտարարել է նահանգում ցեղասպանության հիշատակի և կանխարգելման ամիս:

Վկայակոչելով 1915-1923 թվականներին մեկ և կես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների և ասորիների սպանությունը, ինչպես նաև մեր օրերին Մերձավոր Արևելքում կատարվող քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների ոչնչացումը, նահանգապետ Թոմբլինն իր հռչակագրում մասնավորապես նշում է. «Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ինչպես նաև բոլոր անցյալի և ներկայի ցեղասպանությունները, մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, և զգոն մնում ատելության, հալածանքի և բռնության հանդեպ»:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները կարևոր դեր խաղացին հռչակագրի ընդունման գործընթացում: «1915-ին իմ պապ Համբարձումը, ով Անկարայում ցորենի վաճառքով զբաղվող հաջողակ գործարար էր, կեսգիշերին տնից բռնի կերպով տարվել և գլխատվել էր: Նույնն արվել էր բազմաթիվ այլ, ավելի կիրթ և հաջողակ հայերի հետ, ովքեր բնակվում էին Թուրքիայում», - պատմում է Համբարձում Կասպարյանը, - «Իմ պապը շատ բարի և մեծահոգի մարդ էր: Երաշտի տարիներին նա բազմաթիվ մարդկանց սննդով էր ապահովում: Հույս ունեմ, որ Արևմտյան Վիրջինիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը որոշ չափով երաշխիք կլինի, որ նման սարսափելի իրադարձություններ այլ մարդկանց հետ չեն կատարվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել