Tert.am-ը գրում է.

Չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին` Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները.այս մասին ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ Հելսինկիի համալսարանում ելույթի ժամանակ։

Նա իր ելույթում նշել է.«Տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում: Սա որևէ մեկի համար գաղտնիք չէ: Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) Ադրբեջանի վերաբերյալ իր զեկույցում խորն անհանգստությամբ ահազանգել է «պաշտոնական և լրատվամիջոցների հրապարակումներում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ մշտական բացասական քարոզչության» կապակցությամբ և հորդորել Ադրբեջանի իշխանություններին «համապատասխան կերպով արձագանքել հայերի հանդեպ խտրականության և ատելության քարոզչության բոլոր դրսևորումներին»:

Շարունակաբար ականատես լինելով այս քաղաքականության ողբերգական հետևանքներին՝ մշտապես մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել ենք այս խնդրի վրա: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության սերմանումը հանգեցրել է ամենասարսափելի հանցագործությունների, ներառյալ՝ մարդկության դեմ հանցագործությունների: Առավել քան երկու տասնամյակ առաջ Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվող  հայերը արդեն իսկ վերապրել են բռնի տեղահանություն և ջարդեր: Գրեթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի զինված ուժերը իրենց ողջ կարողության կիրառմամբ թիրախավորեցին Ադրբեջանի տարածքում մնացած սակավաթիվ հայկական հուշարձաններից մեկը՝ Ջուղայի միջնադարյան գերեզմանատունը: 9-ից 16-րդ դդ. մի քանի հազարի հասնող միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության թողտվության պայմաններում, իսկ այդ տարածքը կառավարության կողմից վերածվեց ռազմական օբյեկտի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեան հայտարարել է. «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»: Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների և երկրների փորձերը մերժվեցին Ադրբեջանի կողմից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել