Tert.am-ը գրում է.

2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի նվազել է և՛ ամուսնությունների, և՛ ծնելիության ցուցանիշերը: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ ներկայացնելով 2016 թվականի առաջին եռամսյակի վիճակագրական ցուցանիշները:

«2016-ի  հունվարի 1-ից ապրիլի մեկն ընկած ժամանակահատվածում մեր երկրում գրանցվել է 9 171 ծնունդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս թիվը նվազել է մոտ 2,5 %-ով»,-հաղորդեց Կարինե Կույումջյանը՝ նշելով, որ շուրջ 25%-ով նվազել է նաև մահացած ծնված երեխաների թիվը։

Վերջինիս հաղորդմամբ՝ հունվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 7 647 մահացության դեպք, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 1,4%-ով:

«2016 թվականի առաջին եռամսյակում մահացության պատճառների ավելի քան 47 %-ը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, 20 %-ը՝ նորագոյացությունները, 4 %-ը՝ դժբախտ պատահարները: Ինչ վերաբերում է բնակչության թվին, ապա 2016-ի ապրիլի մեկի դրությամբ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը 2 994 400 է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թվաքանակը նվազել է 12 300-ով կամ 0.4 %-ով»,-հաղորդեց Կարինե Կույումջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել