Ադրբեջանական հայաորսը հասել է այնտեղ, որ արդեն իրենք իրենց մեջ են հայեր փնտրում: Փնտրում, գտնում են, չեն գտնում՝ հորինում են և ով ում վրա ատամ ունի, դիմացինին հայ է սարքում: Մի դեպք հիշեցի, իրական է, չեմ հորինում: Սիսիանի Թանահատ գյուղում (նախկինում ՝ Ջոմարդլու) , երբ անցնում էինք մի քանդված տան կիսականգուն պատերի մոտով, գյուղապետը ասաց, - այս տանն է ծնվել Հեյդար Ալիևը: Մի քանի կադր նկարահանելուց հետո, զրուցում եմ գյուղապետի հետ: Պատմում է, որ ամբողջովին բնակեցված էր ադրբեջանցիներով: Այս գյուղի բնակիչները ի տարբերություն այլ ադրբեջանաբնակ գյուղերի, չմերվող էին, այսինքն՝ հայերի հետ համարյա չէին շփվում կամ դժվար էին շփվում: Ալիևի օրոք այստեղից Բաքու ավտոբուս էր աշխատում, ասում է ու ավելացնում,-Ալիևի հրահանգով Բաքու-Սիսիան ավտոբուսը իր երթուղին վերջացնում էր Ջոմարդլույում: Գիտեի, որ Ալիևը այդ գյուղում է ծնվել, բայց հենց այնպես , ասացի. -Բայց կենսագրականում գրված է, որ ծնվել է Նախիջևանում: Այստեղ գյուղապետը սկսեց հանգամանալից պատմել Հեյդարի ստեղծման, ծննդյան և հետծննդյան տարիների ժամանակագրությունը: Փորձեմ վերապատմել մեր զրույցից հետաքրքիր դրվագներ: Ուրեմն, նախորդ դարի քսանականներն են: Ջոմարդլու է գալիս Սիսիանի շրջանը սպասարկող նալբանդը: Այդ տարիներին նալբանդները գիշերակացով շրջում էին գյուղերում, լինում էին գյուղեր, որտեղ նալբանդը մնում էր մի քանի օր: 1922թ օգոստոսի սկզբներին Ջոմարդլու եկած նալբանդը գյուղում մնաց մոտ երկու շաբաթ: 1923 թ.մայիսին Ջոմարդլուն ականատես եղավ մի խայտառակության, որ այն ժամանակների համար, պատկերացնելու չէր: Ամուրի կինը, ապօրինի զավակ ծննդաբերեց և բնականաբար չկարողացավ շարունակել ապրել այդ գյուղում: Նա վերցնելով փոքրիկ Հեյդարին հեռացավ Նախիջևան: Հետագայում Հեյդարի կենսագրականում գրվեց՝ ծնվել է Նախչևանում: Ինձ ծանոթ պատմություն էր նրա ծննդավայրի մասին տեղեկության կեղծումը, բայց լրիվ անծանոթ էր նալբանդի պատմությունը, հետևաբար չէի չկարող չհարցնել նալբանդի ով լինելու մասին: -Վերևի գյուղերից մեկում է ապրելիս եղել, - գլխով ցույց տալով հեռուներում երևացող գյուղակները , ասաց գյուղապետը: - Հայ է՞ր,-հարցնում եմ: Գյուղապետը կարծես ակնկալելով հետագա հարցս, ուսերը վեր ցցեց, քթի տակ թեթև ժպտաց ու ասաց. -Ինչ չգիտեմ, չգիտեմ,- ասաց, հետո քթի տակ թեթև ժպիտով ավելացրեց,- չեմ կարող ասել, չգիտեմ: Վերջին «չգիտեմը» կարծես ինքն իրեն էր համոզում, որ չգիտի, իսկ ես զգում էի, որ գիտի, լսել է, բայց իր համար դա փակ թեմա է և վերջ: Գուցե սխալվում եմ, բայց այդպես ինձ թվաց: Հետո փորձեցի ճշտել վերևի գյուղ ասվածի անունը: -Ինչիդ է՞ պետք,-շեղ հայացք գցեց վրաս գյուղապետը: -Հետաքրքիր է, -ասացի, -կարելի գտնել նալբանդի շառավիղներին: -Էդ գյուղում հայերի հետ նաև քրդեր են ապրել, -ասաց գյուղապետը: -Հիմա էդ նալբանդը հայ է՞ր, թե՞ քուրդ,-շարունակում եմ խոսեցնել գյուղապետին: -Չգիտեմ…իրենք էլ չգիտեն, դար է անցել….,-քիչ դադար տալուց հետո շարունակում է,-ասում են Ստալինն էլ կեսով հայ էր…հետո՞: Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը: Մտածում եմ՝ ասեմ, թող իմանան, մարդ ես, հանկարծ ու ցուցակը ընդլայնելու ցանկություն ունենան: Իհարկե, ոչ հիմա..., երբ մերոնք մտնեն Եվլախ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել