Tert.am-ը գրում է.

Մայիսի 2-ին պաշտոնական այցով Հելսինկի ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով փոխայցելությունները, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունները, սերտացնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը:

Նախարարները հանգամանալից զրույց են ունեցել երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ։ Երկուստեք կարևորվել է խորհրդարանների միջև շփումների խթանումը։ Հայաստանի և Ֆինլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները ընդգծել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ Հայաստանի հարաբերություններին, ՀՀ-ԵՄ նոր իրավական հիմքի շուրջ բանակցություններին: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵՄ հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը:

Հայաստանի արտգործնախարարը Ֆինլանդիայի իր գործընկերոջը ներկայացրել է Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ ռազմական գործողությունների սանձազերծումն ու դրա հետևանքների հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ չնայած 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերը անվերապահորեն հարգելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների և միջազգային հանրության հորդորներին, Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ  հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմերին մեղադրել այն ամենում, ինչը հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: «Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը:

Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հանձնառու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը, իսկ այլընտրանք չունեցող բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ ձևավորելու նպատակով հարկավոր է կյանքի կոչել համանախագահների առաջարկը` միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման վերաբերյալ, և երաշխավորել 1994 և 1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ կատարումը:
Թիմո Սոինին այս առումով ընդգծել է, որ Ֆինլանդիան ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և բանակցությունների համար համապատասխան մթնոլորտ ապահովելուն ուղղված նրանց նախաձեռնությունները։ Ֆինլանդիայի արտգործնախարարը հավելել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։

Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր` Իրանի միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածությունների իրագործումը, իրավիճակը Մերձավոր Արևելքում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչության դեմ պայքարը:

Էդվարդ Նալբանդյանը Թիմո Սոինիին հրավիրել է այցելել Հայաստան:
Հանդիպման ավարտին նախարարները հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել