Tert.am-ը գրում է.

Մամուլի ազատության օրվան ընդառաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հայաստանյան մամուլի ազատության մասին, ասաց, թե տարիների ընթացքում զարգացման դինամիկան շատ չնչին, բայց նկատելի է:


«ԶԼՄ-ների ազատության միջազգային օրն ընդունվել է այն առումով, որ երկրների զարգացման գործընթացում կարևորվել է ԶԼՄ-ների դերը: Ազատության աստիճանը ցույց է տալիս, թե որքանով է քաղաքացին տեղյակ երկրում տեղի ունեցող գործընթացներին, որքանով նա կարող է իր կարծիքը դարձնել հանրության քննարկման առարկա, որքանով են հարգված քաղաքացիական իրավունքները, որքանով ԶԼՄ-ն կարող է իրազեկ լինել պետական մարմինների գործունեությանը և որքանով կարող է արտացոլել քաղաքական ուժերի երանգավորումը տվյալ երկրի քաղաքական դաշտում»,- ներկայացրեց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով՝ այս առումով շատ ավելի կարևոր է ոչ այնքան լրատվամիջոցի տպաքանակը կամ սփռվածության աստիճանը, որքան՝ վստահության մակարդակը:

Ըստ սոցիոլոգի՝ միջազգային  գնահատականներով ԶԼՄ-ի ազատության աստիճանից որոշվում է նաև երկրների ժողովրդավարության մակարդակը:

««Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության տվյալներով  Հայաստանը 78-րդն է՝ 180 երկրների շարքում: Տարածաշրջանում Հայաստանից առաջ է միայն Վրաստանը՝ 69-րդ տեղում, Ռուսաստանը՝152-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 162»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ նշված միջազգային կազմակերպությունը 43 չափանիշներից է օգտվում իր հարցումներն անցկացնելիս:

Ըստ Freedom House-ի` Հայաստանը համարվում է համեմատաբար  անազատ մամուլ ունեցող երկիր, սակայն, ըստ սոցիոլոգի՝ Freedom House-ի հարցումները շատ մակերեսային են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել